Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայտնի է՝ ով կլինի Հայաստանում Ուրուգվայի առաջին դեսպանը

Հայտնի է՝ ով կլինի Հայաստանում Ուրուգվայի առաջին դեսպանը
388
Երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ., 21:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին՝ հայտնելով, որ մեծ ուրախությամբ է տեղեկացել Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշման մասին: «Մենք ինքներս էլ քննարկում ենք Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը, և ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք»,– ասել է նա՝ հույս հայտնելով, որ երկու երկրների բարեկամական մթնոլորտը կամրանա նաև տնտեսական հարաբերությունների սերտացմամբ։

Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հայտնել է, որ արդեն իսկ որոշվել է, թե ով է լինելու Հայաստանում Ուրուգվայի առաջին դեսպանը։ Նրա խոսքով՝ այդ պաշտոնում կնշանակվի Հայաստանում Ուրուգվայի ներկայիս հյուպատոս Էդուարդո Ռոսենբրոկը:

Փաշինյանն ընդգծել է, որ Ուրուգվայը հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի սրտում որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես (1965թ.) ճանաչած պետություն: Վարչապետը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Ուրուգվայի անկողմնակալ և կառուցողական դիրքորոշումը և նշել, որ Հայաստանը երախտապարտ է 2020թ. հոկտեմբերին Ուրուգվայի Սենատի ընդունած բանաձևի համար, որը դատապարտում է Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը պատերազմում, և Ներկայացուցիչների պալատի բանաձևի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: