«Ահա այն առեղծվածային հարցի պատասխանը, թե ով բերեց կապիտուլյանտին իշխանության»․ Վահան Բաբայան
385
Շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ., 12:24
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «59 պատգամավոր, որոնք կապիտուլյանտին բերեցին իշխանության 2018 թվականի վերաբերյալ հաճախ տրվող հարցերից է, թե ով բերեց կապիտուլյանտին իշխանության: Շատերը դրանում մեղադրում են Սերժ Սարգսյանին, բայց եկեք նայենք փաստերը: Փողոցային շարժմանը զուգահեռ, երբ կաթվածահար էր ամբողջ երկիրը և արյունահեղությունից խուսափելու համար ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, երկրի ղեկավարի պաշտոնակատար թողնելով Կարեն Կարապետյանին և դեռ մեծամասնություն ունեցող խորհրդարանին, մարդիկ դեռ կարող էին փրկել վիճակը և թույլ չտալ, որ նախկին լրագրողը զավթեր երկրի գործադիր իշխանությունը: Դա չարվեց և դա փաստ է: Շատ «հավատարիմ» և «պետականամետ» գործիչներ մեկ օրում թռան և իրենց հռչակեցին իբր «ժողովրդի» կողքին են (հեշտ է, չէ՞, նման ձևակերպումով խուսափել անձնական պատասխանատվությունից) ու մենակ թողեցին մեր երկիրը ապագա կապիտուլյանտների ոհմակին: Եղան մարդիկ, ովքեր առաջին օրվանից զգուշացրին այս գալիք չարիքի մասին և մինչև այսօր կանգնած մնացին Սերժ Սարգսյանի կողքին և ապացուցեցին, որ իրենք իրոք սկզբունքային և հայրենասեր մարդ են, այլ ոչ թե օրվա կուրսով և պետպատվերով շարժվող նողկալի կենդանի: Իսկ պատմությունը մեզ հուշում է, որ 2018թ․ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից ՀՀԿ-ից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին այն մարդիկ, ովքեր այսօր որևէ աղերս չունեն ՀՀԿ-ի հետ՝ հիմնականում գործարար պատգամավորները՝ Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյան, գեներալները՝ Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, նաև Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինն այն միակ հանրապետականն էր, որը Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև մայիսի 1-ին: Գտեք 59 նախկին պատգամավորի անունները և հերթով իրենց հարցրեք, ինչո՞ւ կապիտուլյանտին բերեցիք իշխանության: Ահա այն առեղծվածային հարցի պատասխանը, թե ով բերեց կապիտուլյանտին իշխանության, սա է մնալու պատմության մեջ սա է միակ փաստը: Շարունակելի...»։