Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. «Ժողովուրդ»

Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. «Ժողովուրդ»
253
Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Սասուն Խաչատրյանին երեկ կառավարությունում հարցախեղդ էին անում:

Պարզվեց, որ Սասուն Խաչատրյանն ավտոմեքենա չունի, վերջին հինգ տարվա ընթացքում օգտվել է կնոջ եղբորը՝ աներորդուն պատկանող ավտոմեքենայից, որն, ըստ Խաչատրյանի, շատ հազվադեպ է վարում․ «Նա մի քանի ավտոմեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես քիչ եմ վարում մեքենա, քանի որ ունեմ ծառայողական մեքենա, իսկ ես առավոտից ուշ գիշեր հիմնականում աշխատավայրում եմ լինում»,- ասաց նա:
Նշենք, որ Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ում բազմաթիվ քրգործերով մարդկանց նկատմամբ մեղադրանք են առաջադրում այն հիմքով, թե այս կամ այն գույքը փաստացի պատկանում է մեղադրյալին, սակայն գրանցված է աներձագի կամ այլ հարազատի անունով:

Հիմա, երբ Սասուն Խաչատրյանը վարում է աներորդու մեքենան, ինչո՞ւ դա չի նշանակում, որ փաստացի մեքենան պատկանում է իրեն, բայց գրանցված է աներորդու անունով: Հաջորդ փաստը. խոսելով իր ունեցած տան մասին՝ ասել է. «Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքային վարկով, հայտարարագրում այդ մասին նշված է։ Բնակարանը ձեռք եմ բերել պետական ծրագրի շրջանակներում «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, բնակարանի արժեքի տարբերությունը շուկայական գնից շատ մեծ չէ»։ Ընդծենք, որ բազմաթիվ գործերով ՀՔԾ-ն տարբեր պաշտոնատար անձանց մեղադրում է, որ շուկայական արժեքից ցածր արժեքով բնակարաններ են գնել՝ պատճառաբանելով, թե օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը: Ստացվում է՝ Սասուն Խաչատրյանն էլ է օգտագործել դիրքը և շուկայականից էժան բնակարան ձեռք բերել:

Բացի այդ, լուրեր կան, որ Խաչատրյանի հարազատների անուններով գրանցված են բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր, սակայն երեկ չհետաքրքրվեցին՝ արդյոք այդ գույքերը փաստացի Խաչատրյանինն են, բայց այլոց անուններով: Գուցե դրանք կբացահայտվեն հաջորդ իշխանության օրոք։ «Աղջիկս անցյալ տարի ամուսնացել է և իր ամուսնության կապակցությամբ բոլոր բարեկամներս նվեր են բերել գումարի տեսքով». արդյոք այդ հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարե՞լ է հարսանիքի եկամուտներից, կամ հետաքրքիր է՝ հարսանեկան եկամուտները ինչու չեն փոխանցվել նորապսակներին:

Նշենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի, բայց չգիտենք՝ գնելուց կամ նվեր ստանալուց հետո այն իրավաբանորեն ում անունով է գրանցված: Դիմեցինք ՀՔԾ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Եթե կարող եք հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ Սասուն Խաչատրյանը, բացի իր հայտարարագրածից, որեւէ այլ վայրում, այդ թվում՝ Մոսկվայում ունի այլ գույք, ապա նա պատրաստ է այն նվիրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը»:

Այսպիսով, մենք ներկայացնում ենք շենքի լուսանկարը, որտեղ նա փաստացի ունի բնակարան, որի հասցեն Մոսֆիլմովսկի 88 է, իսկ բնակարանի համարն ու շինարարի անունը դեռ չենք հրապարակում: Մնում է՝ Խաչատրյանը կատարի իր խոստումը. սպասում ենք բանալիներին»:

Մանրամասները՝ թերթի համարում: