Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ալիևը Հայաստանին մեղադրեց այն ամենի մեջ, ինչը հանդիսանում էր Բաքվի ռեժիմի հանցագործությունը»․ Էդմոն Մարուքյան

«Ալիևը Հայաստանին մեղադրեց այն ամենի մեջ, ինչը հանդիսանում էր Բաքվի ռեժիմի հանցագործությունը»․ Էդմոն Մարուքյան
1983
Շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ., 21:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ պատասխանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթին.
1939 թ. Կանադական ակումբում ունեցած ելույթում Ուինսթոն Չերչիլը հայտարարեց. «Ողջ աշխարհն այժմ մեզ է նայում, քանի որ մենք պաշտպանում ենք համամարդկային արժեքները»: Ես մտաբերեցի հենց այս խոսքերը, երբ լսեցի հարևան Ադրբեջանից մեր աշխարհ եկած հերթական բռնապետի ելույթը: Այո՛, այսօր ամբողջ աշխարհը նայում է ազատության փոքրիկ կղզյակին՝ ի դեմս Հայաստանի, որ գրեթե միայնակ է պայքարում ժամանակակից ֆաշիզմի՝ ХХI դարի շագանակագույն ժանտախտի դեմ՝ արտահայտված հանձինս Բաքվի և Անկարայի՝ վերածնված պանթուրքական ավտորիտար ռեժիմներով, որոնք հանուն սեփական նեղ կլանային-կոռուպցիոն նպատակների, պատրաստ են խախտել խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ալիևը, առաջնորդվելով «պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է» սկզբունքով, Հայաստանին մեղադրեց այն ամենի մեջ, ինչը հանդիսանում էր Բաքվի ռեժիմի հանցագործությունը:
Այնուամենայնիվ, ինչպես մեծն Դոստոևսկին է գրել, ամեն բան ունի իր սահմանը, որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող հետ դառնալ: Ալիևի ռեժիմն անցավ տվյալ սահմանը՝ ստեղծելով ահաբեկչության հովանավոր պետություն, ռազմական հանցագործ պետություն, ագրեսոր պետություն, միջազգային խաղաղության ու կայունության համար սպառնալիք հանդիսացող պետություն: Որքան էլ կրտսեր Ալիևն իր ելույթում ջանում էր ներկայացնել իր ընտանիքի կառուցած երկիրը՝ որպես առաջադեմ համաշխարհային հանրության մաս, Ադրբեջանը շարունակում է զբաղեցնել 129-րդ տեղը կոռուպցիայի ցուցանիշներով, ստվերային տնտեսության առումով՝ առաջին տեղերից մեկը, շարունակում է մնալ ավտորիտար պետությունների խմբում՝ ամեն տարի ավելի վատ ցուցանիշներ գրանցելով ժողովրդավարության և մամուլի ազատության սանդղակներում, ինչպես նաև մշտապես հայտնվելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցներում: Որքան էլ Ալիևը փորձում էր շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը մարդկության դեմ կատարված հանցագործություններից՝ իր ելույթի մեծ մասը նվիրելով համատեղ միջազգային զարգացմանը, Բաքվի ռեժիմի դիվանագիտական գործունեությունը մեկընդմիշտ արատավորված է «խավիարային» կոռուպցիայով, որի հետևում կանգնած են Իսլամական պետության տիպի ռազմական մեքենայի գործողությունները:
Ես կնշեմ ընդամենը մի քանի գործոններ, որոնց հիման վրա պետք է իրականացվի միջազգային հետաքննություն և միջազգային պատժամիջոցներ կիրառվեն Բաքվի հանցավոր ռեժիմի նկատմամբ՝
1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:
3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:
4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:
5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:
6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:
7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափությանը:
8. Հայերի դեմ ատելության քարոզումը, ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:
9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզչությամբ, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ ինքնիշխան սուվերեն սահմանների խախտմամբ:
10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:
11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները:
12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:
Եվ հանցագործությունների այս ցանկը կարող է երկար շարունակվել՝ նույնիսկ առանց հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության արմատական պատճառների, մասնավորապես՝ 20-րդ դարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի, ցեղասպան քաղաքականության մասին պաշտոնական Բաքվի մշտական լռությունը: Համաշխարհային հանրությունը չի կարող մոռանալ Բաքվի և Սումգայիթի ջարդերը, ինչպես նաև իրականացված «Օղակ» օպերացիան:
Նաև կցանկանայի ընդգծել այն, թե ինչպիսի եռանդով էր ռազմական հանցագործ Ալիևը փորձում Հայաստանը ներկայացնել բացասական տեսանկյունից՝ ասես խուսափեր հանցագործությունների համար պատժից: Հայ ազգային հերոս Նժդեհին արատավորելու անընդհատ փորձերը չեն կարող պսակվել հաջողությամբ, քանի որ ողջ աշխարհն ավելի լավ գիտի պատմությունը, քան Ալիև կրտսերը: Կարծում եմ, որ հատկապես ռուս ժողովուրդը հիշում է Նժդեհի սխրանքների մասին: Լինելով Ռուսաստանի կայսերական բանակի սպա՝ Գարեգին Նժդեհը պարգևատրվել է Սուրբ Առաքյալներին հավասարազոր իշխան Վլադիմիրի Կայսերական Շքանշանով, Սուրբ Աննայի Կայսերական Շքանշանով, երկու անգամ Սուրբ Գեորգիի խաչով և Սուրբ Ստանիսլավի Շքանշանով: Այս բոլոր շքանշանները տրվել են հերոսին երիտթուրքական ֆաշիզմի դեմ քաջ մարտերի համար:
Բաքվի ռեժիմը պետք է իմանա, որ պատմությունը բազմիցս ցույց է տվել բռնակալների ճակատագիրը, ովքեր, ոգեշնչված հաղթանակներից և համաշխարհային հանրության լռությունից, կորցրել են թույլատրելի սահմանների զգացումը:
Այսպիսով, այս պատմությունը, ինչպես ասում էր մեծն Կլյուչևսկին, ոչինչ չի սովորեցնում, սակայն խստորեն պատժում է դասերի չիմացության համար»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան