Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան

«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
49
Այսօր, 00:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ ծրագրի կամ գործարքի իրականություն դառնալու հաջողությունը պայմանավորված է նաև նրանով, թե ներգրավված կողմերին ինչքանով է շահավետ այն:
ԹՐԻՓՓ նախագիծը, որ, իմ կարծիքով, չարյաց փոքրագույնն է, հիմնականում ապահովում է Ադրբեջանի կապը Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Ամերիկյան ներգրավումն այս ծրագրում Հայաստանին տալիս է անվտանգային լուրջ հենարան:
ԹՐԻՓՓ-ով անցնող կոմունիկացիաներն ավելի վաղ պետք է իրականացներ Ռուսաստանը՝ համաձայն 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի:
Հանգամանքներն ու իրողությունները փոխվեցին հատկապես 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո, բայց Ռուսաստանի և Իրանի գործոնները անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա:
Ներգրավվածությունն ու փոխադարձ շահը հաջողության և երակարատև գործունեության երաշխիքներ են:
Եթե մենք խոսում ենք խաղաղության դարաշրջան թևակոխելու մասին, բացվում են փակ սահմաններն ու հաղորդակցությունները, ինչը դեռ չենք տեսնում, ապա Իրանի դեպքում, որ նաև Հայաստանի շահերից է բխում առաջին հերթին, կառուցողական ազդակ կլիներ, եթե Թուրքիան և Ադրբեջանը ապահովեին Հայաստան-Իրան կապը հայ-թուրք-նախիջևանյան եռանկյունում, որը կարող ենք նաև քառանկյունի համարել, քանի որ այստեղ Իրանի սահմանը չափազանց մոտ է՝ ընդամենը մի քանի կիլոմետր:
Արարատյան դաշտում Հայաստան-Իրան հեշտացված հաղորդակցությունը թուրք-նախիջևանյան խաչմերուկում կարող էր դառնալ ԹՐԻՓՓ-ի անվտանգային հենարան:
Ի դեպ, երբ 90-ական թվականների սկզբներին ամերիկացիները կիսապաշտոնական՝ track 1.5 մակարդակում առաջարկում էին ղարաբաղյան կարգավորման լուծում Մեղրիի ափամերձ հատվածը Ադրբեջանին փոխանցելու, իսկ Լաչինի միջանցքը Ղարաբաղով ՀՀ-ին փոխանցելու տարբերակը, որպեսզի Հայաստանն ու Իրանը չզրկվեն ընդհանուր սահմանից, առաջարկում էին Հայաստան-Իրան սահման ստեղծել հենց Արարատյան դաշտում՝ հայ-թուրք-նախիջևանյան եռանկյունում:
Բնականաբար, դա ամբողջովին հակասում էր Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, քանի որ նրանք չէին կարող համաձայնվել ընդհանուր մի քանի կիլոմետրանոց սահմանը կորցնելու մտքի հետ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան