Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հայ ազգին գրեթե միշտ հաղթել են ոչ թե հարվածի ուժգնությամբ, այլ դրա կայուն պարբերականությամբ». Տարոն Սիմոնյան

«Հայ ազգին գրեթե միշտ հաղթել են ոչ թե հարվածի ուժգնությամբ, այլ դրա կայուն պարբերականությամբ». Տարոն Սիմոնյան
272
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 01:12

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «ՄԵՐ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՁԱՅՆԸ
Եթե ուշադիր եք եղել, նկատած կլինեք, որ հայ ազգին ուժեղ հարվածով հնարավոր չէ հաղթել, քանի որ բնազդի մակարդակ իջած արտաքին մարտահրավերին դիմադրելու ինքնակազմակերպումը նախասկզբնական կոդն է, որ ընկած է եղել պետականություն ձևավորած ազգային կամքի հիմքում։
Եթե մի փոքր ավելի ուշադիր եք եղել, նկատած կլինեք, որ հայ ազգին գրեթե միշտ հաղթել են ոչ թե հարվածի ուժգնությամբ, այլ դրա կայուն պարբերականությամբ, որը ժամանակի մեջ տալիս է իր արդյունքը, քանի որ կազմաքանդում է հանրային գիտակցությունը, առաքինության ու դաստիարակության պահանջարկը և ընդհանրապես՝ ձևավորում է արժեքային բախում՝ արժանապատվությամբ խնդրի առջև համառելու ծանրության և քոչվորի պես խնդրից փախչելու թեթևության հույզերի միջև։
Հենց այս արժեքային բախումն է, որ ծնում և սնուցում է մեզանում «երկրի ցավերն իր կյանքի ժամերով ամոքողին» ու «երկրի վրա ուղտի կեցվածքով թքողին», «օրհասական պահին հարմար կյանքից երկիր վերադարձողին» ու «օրհասական պահին մուննաթով երկիրը լքողին», «հանցագործների և/կամ տգետների իշխանությամբ երկիրը չչափողին» ու «հանցագործների և/կամ տգետների իշխանությունը երկրի վզին փաթաթողին», «գիտելիքով և քրտինքով վաստակ կառուցողին» ու «կազինոների ու օճառների օգնությամբ անաշխատ եկամուտ հայցողին», «կրթված և դաստիարակված արարողին» ու «նեղմիտ ու չար ավիրողին», «բարձրանալիս բարձրացնողին» ու «թռչկտացող գցողին», ... մի խոսքով՝ «առաքինի անհատին» ու «դեգրադացող տմարդին» ...
Այս ալգորիթմը մեզանից ավելի լավ սովորել են մեր հակառակորդներն ու արդեն մի քանի հազար տարի օգտագործում են հայ ազգին թուլացնելու, կազմաքանդելու և ի վերջո՝ ստրկացնելու ու գիտակցությունից զրկելու համար ...
Ամեն դարաշրջան չէ, որ կարող է Մաշտոց ծնել ինչ֊որ հանճարեղ մի հոգնությունից, որպեսզի նա՝ ինքը, դառնա հանճարեղություն ...
Ամեն դարաշրջան չէ, որ կարող է Կոմիտաս ծնել, որպեսզի նա մոլախոտի մեջ խեղճացած դիմագիծ հայտնաբերի ու մարդու հոգին լվանալով փառավորի այն ...
Ամեն դարաշրջան չէ, որ կարող է Թումանյան ծնել դարերով փակված գիտակցությունից ու դառնացած ժողովրդի ախտորոշումը տա ...
Ու, կարծես, ամեն դարաշրջան չէ, որ մեկտեղում է հազարամյակների ծանրացած փոշին մի գերկենտրոնացված անցման մեջ՝ հուշելով, որ սկզբից պետք է սկսենք, ամենասկզբից՝ մարդ֊անհատի ձևավորումից, որովհետև մնացած բոլոր տարբերակները փակուղի են տանում»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան