Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այս դիալոգը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև 1993 թվականի հունիսի 14-ին». Ա. Դանիելյան

«Այս դիալոգը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև 1993 թվականի հունիսի 14-ին». Ա. Դանիելյան
648
Երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ., 10:00

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «- Լևոն Ակոպովիչ, «ստորացումն» ի՞նչ է:

- «Унижение», Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:

Այս դիալոգը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև 1993 թվականի հունիսի 14-ին, երբ վերջինս առաջին անգամ այցելում է Ստեփանակերտ, որպեսզի համոզի տեղի իշխանություններին, որ Քելբաջարը պետք է հանձնել: Դրանից երկու օր առաջ նույն օրակարգով տեղի էր ունեցել հայտնի հանդիպումը Գորիսում:
2018 թիվն էր, Քոչարյանս հեղաշրջումից անմիջապես հետո մի քանի հարցազրույց է տալիս ու գալիս է Հայաստան հարցաքննվելու ու ձերբակալվելու: Կալանավորման պես լույս է տեսնում իր ինքնակենսագրությունը: Անկախ նրանից, որ բազմաթիվ կարևորագույն խնդիրների շուրջ Քոչարյանի կայացրած որոշումների հանդեպ, մեղմ ասած, ահագին հարցեր ունեի, կարծում էի, որ Արցախի հարցում նա հաստատ հայամետ է ու այդ պատճառով հրապարակավ աշխատում էի լոյալություն դրսևորել իր նկատմամբ: Երբ առաջին անգամ կարճ ժամանակով նա դուրս եկավ կալանավայրից, ինձ հրավիրեցին Քոչարյանի հետ հանդիպման: Հանդիպման առաջարկը մերժեցի: Բայց երբ նորից կալանավորեցին, սրտիս դարդ եղավ, խնդրեցի իր գիրքն ինձ նվիրեն, մի քիչ էլ գովազդեցի: Կրկնում եմ՝ ես վստահ էի, որ անկախ ամեն ինչից Արցախի հարցում նա ոչմիթիզական է ու, ըստ այդմ, իրեն ինձ դաշնակից էի համարում:
Գիրքը ստանում եմ, մի քանի էջ թերթում ու հասկանում, որ Քոչարյանն, ակազվիցը, մեր «Ռեմբոն» ա, ով միայնակ Արցախն է ազատագրել, հետո էլ միայնակ Հայաստանն է շենացրել: Ընդ որում, իր շուրջ գտնվողները ոչ միայն չեն օգնել, այլ հիմնականում խանգարել են: Ստանդարտ ու բավականին ցածրորակ քարոզչական տեքստեր էին: Բայց դե մտածեցի՝ ինչորայա, մարդն եկել է, որ բոյ տա, սա էլ իր մարտավարությունն է: Եթե վերջնարդյունքը դրական լինի, էդ գրքի վրա բոլորս էլ աչք կփակենք:
Զուտ անձնական հետաքրքրասիրությունից դրդված՝ այդ գրքում ման եկա իմ համար առանձնահատուկ ուշադրության արժանի մի քանի դրվագի նկարագրություն: Ուզում էի Քոչարյանի տեսանկյունն էլ իմանալ Արցախյան ազատամարտի առանցքային դրվագների մասին, որ ինքս կարողանամ ավելի լիարժեք պատկերացնել եղելությունը, որի նկատմամբ բազմաթիվ հարցեր ունեի:
Այդպիսի կարևորագույն դրվագ էր 1993 թվականի հունիսի 12-ի Հայաստանի Անվտանգության Խորհրդի արտագնա նիստը Գորիսում, որին հրավիրված էր Արցախի գործադիր և օրենսդիր իշխանությունը: Սա շատ հայտնի դրվագ է, որը բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել ժամանակի ընթացքում և ես նույնիսկ ընկերներիս հետ ահագին վիճել եմ դրա ենթատեքստի մասին: Խոսքը գնում է գորիսյան այն հանդիպման մասին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ վերջերս ազատագրված Քելբաջարը միջազգային ճնշման պատճառով պիտի հետ հանձնվի թուրքերին:
Քոչարյանն իր գրքի 202-րդ էջից սկսած՝ բավականին հանգամանորեն նկարագրում է այդ հանդիպումը: Քոչարյանի հավաստմամբ նա, դեմ լինելով Քելբաջարի հանձնմանը, մի կոմբինացիա է մշակում, որպեսզի Տեր-Պետրոսյանը մերժում ստանա, բայց վերջինիս հարաբերությունները չփչանա Արցախի գործադիրի, այսինքն՝ Քոչարյանի հետ: Քոչարյանը պնդում է, որ Գորիսի ճանապարհին նա կանգնեցնում է Արցախի գերագույն խորհրդի անդամներ Լևոն Մելիք- Շահնազարյանի ու Վալերա Բալայանի մեքենան ու տեղում՝ հենց ճանապարհի վրա, համոզում, որ նրանք դեմ արտահայտվեն Քելբաջարի հանձնմանը: Իր գրքի 204րդ էջում Քոչարյանը գրում է՝ « - Հա՛, իհա՛րկե, մենք ամեն ինչ կբացատրենք: Ոչ մի դեպքում չի կարելի հանձնել Քելբաջարը,- համաձայնեցին նրանք»:
Հանդիպումը սկսում է, Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ու հերթը գալիս է արցախցիների դիրքորոշման հնչեցմանը ու ստեղ Քոչարյանը գրում է՝ «Նայում եմ մեր խորհրդարանականներին... իսկ նրանք նստել ու լռում են» ու շարունակում է՝ «տեսնում եմ, որ ոչ մեկը չի համարձակվում առարկել, ուրեմն՝ գնալ առճակատման»: «Փորձեցի», գրում ա Քոչարյանը, «ոտքով հրել կողքիս նստածին, մյուսների հայացքներն եմ փնտրում, բայց՝ ապարդյուն. բոլորը փախցնում են աչքերը»: Ու դե, տեսնելով, որ շուրջ բոլորը դավաճանել են իրեն, Քոչարյանն իր իսկ հավաստմամբ վեր է կենում և կտրականապես դեմ է արտահայտվում Քելբաջարի հանձնմանը:
Հիմա, բոլոր նրանց համար, ովքեր էս պատմության իրական եղելությունը չգիտեն, սա կարող է արժանահավատ թվալ, մանավանդ տարիներ շարունակ կուլտիվացվող Քոչարյանի իմիջի ֆոնին, որտեղ նա առնակամ, խիզախ տղամարդ է, ով երբեք չի հանձնվում ու միշտ հաղթում է և առհասարակ Արցախի հերոս, Արցախի Առաջին, Հայաստանի երկրորդ... Պուտինի ընկեր, Աֆրիկյան որսորդների միության պատվավոր նախագահ, WBA վարկածով բացարձակ չեմպիոն, Աթենքի կոմս, Սիստեմայի դիրեկտըր, Կուշտունիցայի բենդի դաշնակահար... ու տենց:
Մինչդեռ իրականում այդ հանդիպումը ձայնագրած տեսախցիկը ֆիքսել է հետևյալը. Տեր-Պետրոսյանը պդնում է, որ Քելբաջարը պիտի հանձնվի, Քոչարյանը ասում է, եթե հանձնենք, ուրեմն Մարտակերտի անվտանգության մասով պիտի միջոցներ ձեռնարկենք, Վազգեն Սարգսյանը ներկայացնում է ձեռնարկվելիք միջոցները Մարտակերտի մասով ու մեծ առումով բոլորի մոտ կոնսենսուս կա: Բոլորի մոտ, բացի երկուսից: Լևոն Մելիք-Շահնազարյանը փորձում է բացատրել, որ միջազգային հանրության այդ սպառնալիքները սին են, իսկ այն միջանկյալ կարգավիճակը, որ մեզ առաջարկում էին Քելբաջարի դիմաց, կարող է նաև փաստացի ձեռք բերվել զենքի ուժով՝ բառացի նշելով Արցախի կործանարար պոտենցիալի մասին:
Արցախի ՔԽ մյուս անդամը՝ Վալերի Բալայանը, որն իբր թե լուռ նստած էր, իրականում վեր էր կացել ու սպառնացել գնդակահարել Արցախի այն իշխանավորներին, որ կհամաձայնեն Քելբաջարը հանձնել: Երբ Արցախի ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանը փորձում է լիցքաթափել իրավիճակը, հեգնական տոնով հարցնելով՝ «ի՞նձ էլ ես գնդակահարելու, Վալերի»: Բալայանը պատասխանում է՝ «քեզ առաջին հերթին»: Կրքերը բորբոքվում են և Տեր-Պետրոսյանի պլանի կողմ արտահայտված Գեորգի Պետրոսյանը փախուստի է դիմում՝ ստորագրման պարտականությունը չկատարելով:
Ուզում եմ շեշտել, որ փաստացի հանձնումը խափանել են այն Լևոն Մելիք Շահնազարյանը ու Վալերի Բալայանը, ովքեր, Քոչարյանի խոսքերով, խոստացել էին դեմ արտահայտվել, բայց եկել, լուռ նստել են, իսկ ինքը՝ Քոչարյանը, միանձնյա Արցախ էր փրկում: Մինչդեռ իրականում Քոչարյանը Վազգեն Սարգսյանի հետ քննարկում էր Մարտակերտի ուժեղացումը Քելբաջարը հանձնելուց հետո:
Ես, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ դեռ չշտապել եզրակացություններ անել: Զուտ կառուցողական դիսկուրսի նկատառումներից ելնելով՝ եկեք մի կողմ դնենք Քոչարյանի 2020-2021 սեզոնի քաղաքական ժառանգությունը: Առհասարակ եկեք մի պահ քաղաքականը մի կողմ դնենք, իջնենք մարդկային մակարդակի: Հիմա կա Ռոբերտ անունով մի մարդ, ով գիրք է գրել, որտեղ կա ակնհայտ սխալ ինֆորմացիա: Կարա՞ նման բան հանկարծակի պատահի, կարա՞ թյուրիմացության արդյունք լինի: Ինձ թվում է՝ կարա: Մարդ կարա, օրինակ, սխալ հիշի կամ գուցե էդ դրվագը առհասարակ ինքը չի գրել: Գուցե պատվիրել էր գիրք գրել իր մասին, գրողն էլ գրել է, պատվիրողն էլ չի նկատել այս անճշտությունը: Կարա՞ չէ տեսականորեն տենց բան լինի...
Հաշվի առնելով, որ տեսականորեն ինչ ասես կարա պատահած լինի, որի արդյունքում Արցախի իրական, անձնազոհ պաշտպանները զրպարտվել են, Քոչարյանի թիմին զանգում տեղյակ են պահում «անճշտության» մասին: Բնական է սխալմունքն ընդունում են, չէին կարող չընդունել, քանի որ հանդիպման ձայնագրությունը կա, պոստածս նկարն էլ սքրինշոթն է: Թե ինչպես ա պատճառաբանվում այդ «վրիպակը», չգիտեմ, չեմ ճշտել: Բայց գիտեմ, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեղի ունեցած սխալն ուղղել մինչև գիրքը կհրատարակվեր հայերեն լեզվով: Գիրքը հրատարակվում է, բնական է առանց որևէ փոփոխության, քանի որ գրքի ողջ իմաստը Քոչարյանին անպարտ ու անկրկնելի հերոս ցույց տալն էր, մինչդեռ այդ մի առանցքային դրվագով այդ առասպելը փլուզվում է:
Մարդը բռնել, գիրք ա գրել, որտեղ սեփական անձը կարևորելու ու հերոսացնելու նպատակով նենգափոխել է իրականությունը, զրպարտելով այլոց, ովքեր հերոսանալու ու կարևորվելու առիթ երբեք չեն փնտրել, փոխարենը գլուխը կախ հայրենիքին են ծառայել ու ծառայել են հերոսաբար՝ բառիս բոլոր ու ամենաստույգ իմաստով: Էսքանն արդեն ավելի քան հերիք է մարդու ճակատին անբարոյականի պիտակը հավերժ դաջելու համար, բայց դրա փոխարեն սրան շանս են տալիս սխալն ուղղելու: Սա էլ նորից խաբում է:
Այ հիմա խնդրում եմ ինձ օգնեք: Օգնեք գալ եզրահանգման: Հիմա սա ո՞վ ա: Ժողովուրդ ջան, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, էս բանն անողը ո՞վ ա... ի՞նչ կերպար ա... ինչի՞ ա արժանի: Ուզում եմ իմանալ, որ ինքս շատ հստակ մատուցեմ այդ «արժանին»:
Գորիսի հանդիպումից երկու օր անց Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումը ոչ միայն ձայնագրվել է, այլ նաև արձանագրվել է գրավոր: Արձանագրությունն էլ լայն տարածում է գտել: Այդ հանդիպման ընթացքում, երբ որոշում են, թե ով պիտի փոխարինի Գեորգի Պետրոսյանին Արցախի ԳԽ նախագահի պաշտոնում, Քոչարյանը ասում է՝ «Ճիշտ է, պիտի «այո» ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք Շահնազարյանը նստի ու «ոչ»-ը շարունակի»: Տվյալ դեպքում «ոչ»-ը Քելբաջարը հանձնելու դիրքորոշմանն էր վերաբերվում: Սա արդեն Քոչարյանի գեղարվեստական տաղանդի հետ առնչություն չունի, սա փաստ է, որը վավերագրվել է:
Ու եթե ձեզ թվում է, որ սա Քոչարյանի ստոր վարքագծի միակ դրվագն է, չարաչար սխալվում եք: Միակը չէ, ոչ էլ ամենաստորն է, թեպետ իմ համար առանձնահատուկ նողկալի է, քանի որ Լևոն Գրանտովիչի անվան հետ է խաղացել: Իրականում նման դրվագները հազարավոր են: Մեկը մեկից սարսափելի: Սա պարզապես կենցաղային բնույթի, մարդկային դրսևորման օրինակ էր: Մոտ օրերս ես ձեզ կպատմեմ ևս մի քանիսի մասի, որ լավ հասկանաք, թե սա ինչ է իրենից ներկայացնում»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան