Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Արմեն Սարգսյանի հարցազրույցը #SkyNewsArabia-ին

Արմեն Սարգսյանի հարցազրույցը #SkyNewsArabia-ին
1171
Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ., 16:24

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը (հատված).

Sky News Arabia- Կցանկանայի անդրադառնայինք այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված:

- Կցանկանայի այս հարցին անդրադառնալ կայունության շաբաթվան նվիրված համաժողովի համատեքստում: Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում: Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Ներկայացնեմ երկու կետով: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին:

Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ:

Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում...

Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել: