Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Որո՞նք են մեր սթափվելու չափորոշիչները». Կարեն Ադոնց

«Որո՞նք են մեր սթափվելու չափորոշիչները». Կարեն Ադոնց
769
Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 10:12

Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՍԵՆՔ ԵՍ ՎԱՏԱՏԵՍ ԵՄ, ՄԵՆՔ «ԶՈՒԳԱՀԵՌ ՏԱՐԲԵՐԱԿ» ՊԵ՞ՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ԹԵ ՉԷ

Երբ չկա նահանջի հնարավորություն, չկա ապագայի տեսլական, իսկ ոտքերիտ տակ կրակը թեժանում է՝ քո բոլոր բջիջները «ճանապարհ» են փնտրում։ Նման իրավիճակներում «զգոնություն» է պետք, որ վերջին որոշման հարցում չսխալվես։
Վառելափայտի մնացորդներն ենք գցում խարույկի մեջ։ Տիրում է, մի տեսակ՝ «բթացած հուսալքություն»։
Երեւի այս անգամ ճիշտ կլիներ, որ վերջին հույսը ոչ թե գիտակցության, այլ ենթագիտակցության «բջիջների» ինքնապահպանման զգացումի վրա դնեինք՝ գիտակցությունը միշտ մոլորեցրել է մեզ։ Բնազդը չի խաբի։
Ո՞րն է այն բեկումնային «կետը», որից հետո մեծամասնության համար պարզ կդառնա՝ մենք սխալ ուղով ենք շարժվում և պետք է հիմնովին «վերափոխվել»։ Ի՞նչ է պետք տեղի ունենա՝ 200 հազար ավել արտագա՞ղթ, 100% պետական պա՞րտք, տնտեսական տևական ճգնաժա՞մ, նոր պատերա՞զմ, սո՞վ։ Որո՞նք են մեր սթափվելու չափորոշիչները։
Բոլոր մասնագետները միաբերան ասում են՝ մեր տնտեսությունը չունի կառուցվածք (ագրարա-հանքահումքային տնտեսություն է)։ Չե՛նք կարող հույներս դնել՝ պղնձի գնի, տրանսֆերտի, տուրիզմի, ծիրանի վրա։ Բայց, ամենա անթույլատրելին կլինի այն, որ հույսներս կապենք՝ «հյուսիս-հարավ, արեւելք-արևմուտք» տարանցիկ «անհեթեթության» հետ։ Չկա ոչ տնտեսական, ոչ այլ բնույթի հիմնավորում։
Բայց, ասենք բոլորով լավատես ենք՝ կարծում ենք ամեն ինչ գնալու է «եղբայրական ջան ջիգյարով»։ Ասենք՝ բայց մենք չենք կարող հաշվի չնստել այլ հավանական զարգացումների հետ։ Ո՞ւմ են պետք մեր ժողովրդավարությությունը, ազատ մամուլն ու մշակույթը՝ եթե էս կենսական ու օրհասական հարցի պատասխանը չունենք։ Ի՞նչ ենք անելու «վատ տարբերակի» դեպքում։
Մեզ անհրաժեշտ է բացել «զարգացման երկրորդ ճակատը՝ մեր առկա հնարավորությունների վրա հիմնվելով։ Եթե պետության դերն անհրաժեշտ չլիներ այս հարցում, կարելի էր այլ լուծումներ գտնել։ Բայց՝ պետությունը պետք է նախաձեռնի եւ համակարգի այս գործընթացը՝ այլ տարբերակ չկա։
Ձեր աչքի առջև, թուրքերն իրենց հսկա տնտեսությունը տանում են աննախադեպ, ռիսկային բարեփոխումների՝ որ համաշխարհային տնտեսության այս դժվարին իրավիճակում, զարգացման մեծ թափ հավաքեն։ Ու հավաքելու են՝ որովհետև մտածված ու հաշվարկած են անում։ Մենք ի՞նչից ենք վախենում։ Պատրաստի ծրագիրն ունենալով, հսկա ազգային ներուժը ձեռքներիս տակ՝ երկիրը սարքել ենք «հավաբուն»։
Բոլորի կենսական շահերից է բխում «զարգացման նոր, զուգահեռ տարբերակը»՝ և իշխանության, և ընդիմության, և մնացածի։ Հետո չստացվի, որ՝ տեղյակ չէինք, էս հիմա բա ոնց, էս բա հիմա խի և այլն։ Հասկանալի է, որ նման սրտաճմլիկ խոսակցությունները մեր նեխած ու սիրված քաղաքական ֆոլկլորից են՝ բայց ո՞ւմ են դրանք հետաքրքիր»։

Աղբյուրը`   Կարեն Ադոնց