«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
104
Այսօր, 02:06
Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորիս ուշադրությունը՝ պարենային անվտանգությանը Հայաստանի պարենային ապրանքների ոչ մեծ հատվածը գալիս էր Իրանի միջով, հիմնականում՝ բրինձ, շաքար, յուղեր, արևադարձային մրգեր, համեմունքներ, չոր մրգեր և ծովամթերք՝ Հնդկաստանից, Թաիլանդից, Էմիրություններից և այլն։ Իրանական պատերազմով պայմանավորված՝ այս ուղին ժամանակավորապես չի գործում։ Այս տարանցման հիմնական այլընտրանք Հնդկական օվկիանոս-Միջերկրական ծով-Սև ծով ճանապարհը 10-20 տոկոս կթանկացնի լոգիստիկան։ Էլ ավելի կմեծանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եկող պարենի ներմուծումից։ Իրադարձությունների անկանխատեսելի զարգացումները կարող են բերել Հայաստան եկող միակ ուղիների խափանման/թանկացման/դժվարացման։ Այս սցենարներին հարկավոր է պատրաստ լինել՝ հաշվի առնելով Հայաստանում պարենային անվտանգության ցածր մակարդակը։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է գնա որոշակի քայլերի․ -Պայմանավորվի/փոխառություններ տա ներմուծողներին հնարավորինս մեծ ծավալների պարենամթերք ներմուծելու համար (ալյուր, հացահատիկային մշակաբույսեր, այլ հատիկավորներ, ձեթ, շաքարավազ, կաթի փոշի և այլն), -Լրացուցիչ միջոցառումներ անի գարնանացանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կրկնապատկել ցորենի, գարու, խոտի տարբեր տեսակների ցանքսերը, ընդհուպ՝ ջրովի հողեր ունեցողներին պարտադրի ցանքաշրջանառություն, կոորդինացնի համատեղ գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը, -Անասնակերի համար փոխառություններ տա անասնապահական/թռչնաբուծական տնտեսություններին և որոշակի թվով անասուններ ունեցող գյուղացիներին՝ անասունների/թռչունների թիվն ավելացնելու և ապակենտրոնացված կենդանի անձեռնամխելի պաշար ունենալու համար։ (Ճիշտ կլինի անասնակերի ներմուծումը կազմակերպվի կենտրոնացված ձևով՝ ցածր ինքնարժեք ունենալու համար և փոխառություններն էլ տրվեն անասնակերի տեսքով), -Փոխառություններ տրվեն տնտեսվարողներին և ֆերմերներին՝ պահեստային հզորություններն ավելացնելու համար, -Կառավարությունը պարտավոր է նաև վառելիքի ապակենտրոնացված լրացուցիչ պահեստներ ստեղծել։ Դա կարող է անել ներմուծող ընկերությունների հզորությունների ավելացման խրախուսման եղանակով։ Բայց միան կառավարությունը չէ, որ պետք է քայլեր անի։ Ընտանեկան տնտեսությունները ևս ակտիվ պետք է լինեն։ Հաշվի առեք, որ ֆորս մաժորի դեպքում մի քանի օրում խանութների պարենամթերքը, կենցաղային քիմիայի և այլ ապրանքներ արագ սպառվում են։ Հետևաբար ճիշտ կլինի, որ ընտանեկան տնտեսությունները ևս սկսեն պարենի և այլ անհրաժեշտ ապրանքների կուտակումը (3-6 ամսվա հաշվով՝ ըստ հնարավորությունների)»։