Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլև Հայաստանի թշնամին է». ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանի ուղերձը հայերին

«Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլև Հայաստանի թշնամին է». ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանի ուղերձը հայերին
606
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 23:54

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում հայերեն գրառմամբ դիմել է հայ ժողովրդին. «Հարգելի հայ բարեկամներ, այսօր մենք՝ ուկրաինացիներս, լարված ժամանակներ ենք ապրում:
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
Դա բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ դա նշանակում է աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաձևում։
Բոլորի համար պարզ դարձավ Պուտինի նպատակը, այն, որ նա ձգտում է վերականգնել Խորհրդային Միությունը նոր ձևաչափով՝ թեկուզ և հազարավոր կյանքեր զոհելու գնով, քանի որ Ուկրաինան ամեն գնով կպաշտպանի իր անկախությունը։
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր իր նիստում լրացուցիչ միջոցներ հատկացրեց ուկրաինական բանակին ֆինանսավորելու համար, իհարկե, ի վնաս սոցիալ-տնտեսական ծրագրերի։
Բայց ուկրաինացիները լավ են հիշում Չերչիլի այն խոսքերը, որոնք հաճախ էր կրկնում Ստեփան Բանդերան՝ եթե ազատության և հացի միջև հաց ես ընտրում, ապա ոչ հաց կունենաս, ոչ էլ ազատություն։
Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաման ստորագրեց Պահեստազորի զինծառայողների զորակոչի մասին: Սա ոչ միայն ուժեղացնում է ուկրաինական բանակը, այլեւ օկուպանտներին ու ողջ աշխարհին ցույց է տալիս ուկրաինացիների պատրաստականությունը՝ կռվելու ռուս զավթիչների դեմ։
Ուկրաինացիները շատ երախտապարտ են մեր օտարերկրյա գործընկերներին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ստացած աջակցության համար։
Այս առումով հատկանշական էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը, Գերմանիայի կանցլերի «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կասեցումը, Ֆրանսիայի արտգործնախարարի և պետքարտուղար Բլինկենի որոշումը՝ հրաժարվել հանդիպումից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Կուզենայի, որ հայերը որքան հնարավոր է շուտ հասկանային, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլև Հայաստանի թշնամին է։ Որովհետև Պուտինը ցանկանում է մեզնից խլել այն անկախությունը և պետականությունը, որի մասին երազել են ուկրաինացիների և հայերի տասնյակ սերունդներ, որոնց համար կռվել և զոհվել են մեր ժողովուրդների հազարավոր լավագույն զավակներ։ Նա ուզում է մեզ պոկել քաղաքակիրթ աշխարհից, որի հետ հայերն ու ուկրաինացիները միշտ սերտ կապված են եղել։ Պուտինն այսօր զորք է ուղարկում Ուկրաինայի դեմ, իսկ վաղը կստիպի Հայաստանի կառավարությանը միանալ նորաստեղծ միութենական պետությանը Մոսկվայի պայմաններով։
Առաջարկելով Հայաստանին մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում պատժիչ գործողություններին՝ Պուտինը նենգորեն փորձում է ձեզ արյունով կապել իր հանցագործությունների հետ։
Նման մասնակցությունը ճակատագրական հարված կլինի հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր պատմական և հոգևոր փոխհարաբերություններին»։