Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պուտինի զանգը նախորդել է ՌԴ նավթի հանդեպ ամերիկյան պատժամիջոցի մասին որոշմանը»․ Հակոբ Բադալյան

«Պուտինի զանգը նախորդել է ՌԴ նավթի հանդեպ ամերիկյան պատժամիջոցի մասին որոշմանը»․ Հակոբ Բադալյան
626
Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 23:54

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանը միակողմանի դուրս է եկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման բանակցությունից: Մանրամասն պատճառներ առայժմ կարծես թե չկան:
Վիեննայում «սառում» է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը, որը կարծես թե հասնում էր վերջին, բայց փաստացի ձախողվում է Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: Մեծ հաշվով, ԱՄՆ-ը և Իրանը թերևս պատրաստվում էին դրան, փորձելով գտնել «զուգահեռ» կոմունիկացիայի հնարավորություն: Այդ հնարավորությունը, թերևս, Կատարն է, որի էմիրը փետրվարի սկզբին այցելեց Վաշինգթոն ու ստացավ Բայդենի հավաստիացումը՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակի առումով: Բնականաբար, դա այն բանի դիմաց, որ Կատարն էներգակիրների շուկայում իր վարքը կկորդինացնի Վաշինգթոնի հետ:
Ահա դրանից հետո օրեր անց Կատար այց է կատարում Իրանի նախագահ Ռայիսին, որտեղ քննարկվում է տնտեսական լայն գործակցության հնարավորություն և քննարկվում են էներգետիկ հարցերին վերաբերող թեմաներ ու համաձայնություններ: Պատկերացրեք, Կատարի էմիրը փետրվարի սկզբին Վաշինգթոնում ստանում է «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հիմնական դաշնակցի» կարգավիճակի մասին հավաստիացում, և դա չի խանգարում ԱՄՆ հետ առնչվող ամեն հարցի վերաբերյալ այդքան զգայուն Իրանի նախագահին երկու շաբաթ անց բավականին հագեցած օրակարգով այցելել Կատար:
Միաժամանակ, մարտի 3-ին էլ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ և «բավարարությամբ» արձանագրում, որ ՍԱ-ն ՕՊԵԿ+-ի շրջանակում շարունակելու է դրսևորել ՌԴ հետ ներդաշնակ վարքագիծ: Պուտինի զանգը, փաստորեն, նախորդել է ՌԴ նավթի հանդեպ ամերիկյան պատժամիջոցի մասին որոշմանը:
Եվ ահա, Իրանը հարվածում է Իրաքում իսրայելական հենակետերին, և հայտարարում ՍԱ հետ կարգավորման բանակցությունից դուրս գալու մասին: Իսկ ԱՄՆ-ը խիստ պասիվ է արձագանքում Իրանի հարվածներին, չնայած այն բանին, որ, կարծես թե, դրանք «քսվել» են նաև ամերիկյան հյուպատոսությանը: Տեսակետ կա, որ դա արվում է Իսրայելի դեմ, որ Վաշինգթոնին դուր չի գալիս ռուս-ուկրաինական ուղղությամբ Իսրայելի «միջնորդական ակտիվությունը»:
Ինքս հակված եմ մտածել, որ խնդիրն Իսրայելին «պատժելը» չէ, այլ Իրանին «խրախուսելը», իսկ Իսրայելին «փոխհատուցում» են հենց ուկրաինա-ռուսական ուղղությամբ ակտիվության հնարավորությամբ: Չեմ կարծում, թե դա մտահոգում է ԱՄՆ-ին: Ավելին, ըստ իս, Իսրայելի միջոցով ԱՄՆ կփորձի կառավարել ռուս-թուրքական հնարավոր «գիծը»: Ի վերջո հիշենք, որ Իսրայելում մոտ երկու տարի ձգվող խորհրդարանական ճգնաժամը՝ երբ չէր հաջողվում ձևավորել կառավարություն, հանգուցալուծվեց և կառավարություն ձևավորվեց Բլինքենի այցից հետո:
Այսօր «Ուկրաինայի վրա» տեղի ունեցողը իր խորքային մասշտաբով աննախադեպ է համաշխարհային վերափոխմման համատեքստում: Պետք է փորձենք լինել այդ ամենին համարժեք, բացել հնարավոր բոլոր շերտերը, հասկանալ տեկտոնական շարժի միտումները, թեև առայժմ կարծես թե ընդամենը Ռուսաստանի կամ Պուտինի՝ «հաղթանակ» կամ «կործանում» սպառելու ռեժիմում ենք»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան