Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կուսակցություններին առաջարկում եմ վերափոխվել ԲԲԸ-ի ու սկսել չիր արտադրել». Կարեն Ադոնց

«Կուսակցություններին առաջարկում եմ վերափոխվել ԲԲԸ-ի ու սկսել չիր արտադրել». Կարեն Ադոնց
565
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 16:54

Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՐ «ՌԵՖՈՐՄՆԵՐԸ»

30 տարվա մեջ, «ռեֆորմներ» Հայաստանում չեն իրականացվել, եղել են՝ փոփոխություններ, փոխատեղումներ, տեղափոխումներ, օրենքների արտատպումներ..., բայց ոչ «ռեֆորմներ»։
30 տարվա մեջ, մեր կյանքի «պարզունակ վերափոխումն» ընթացել է միայն արտաքին շուկաների պասիվ ազդեցությամբ պայմանավորված, որը մեզ արդեն իր հետ հավասարակշռել է՝ կենսամակարդակով հետամնաց, տնտեսության կառուցվածքով նեղ, դրսի շուկաներով սահմանափակ, անհեռանկար վիճակով։ Բայց, նույնիսկ այս թշվառ վիճակի համար, մեր անգործության պատճառով, վճարել ենք ահռելի գին՝ մեր մարդկային, մասնագիտական, արտադրական ողջ ներուժը փոշիացնելով, կուտակելով հսկայական պետական պարտք։
Ակնհայտ է, որ իր այս վիճակով, աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումների ֆոնին, Հայաստանը չի կարող ունենալ ապագայի որեւէ դրական հեռանկար՝ քանի դեռ մենք «սեղանին աղ չդնելը» համարում ենք «ռեֆորմ»։
Չեմ ուզում, որ էլի, մի առ ժամանակ անց, «հանկարծակի գանք» ու հետո նորից նույն «պատասխանատու-մեղավոր» բազարը սարքենք։ Մի ընդունեք որպես քննադատություն կամ բանավեճ՝ դրա ոչ ժամանակը կա, ոչ ցանկությունը։
Ընդունեք շատ կարեւոր իրողություն՝ մեր կառավարման համակարգը դեգրադացված վիճակում է և շատ վաղուց։ Հայաստանն այսօր կառավարվում է ոչ թե «վերեւից»՝ «վերևը» տեսլական չունի։ Հայաստանն այսօր կառավարվում է՝ իրավիճակին ոչ ադեկվատ օրենքներով, որոշումներով և արտաքին շուկայի «քմահաճույքներով»։
Համակարգը արագ, կոշտ և կտրուկ կարգաբերման կարիք ունի՝ ծրագրավորված և նպատակային քայլերով։ «Նպատակային», մեր պարագայում, կնշանակի՝ նախ «խցանման» մեջ մտած, ընկնող ինքնաթիռը հասցնել շեղել գետնին բախվելուց։ Այ դա անելը պահանջում է իրական «ռեֆորմներ»՝ արագ և արմատական վերափոխումներ։
Իրական ռեֆորմներ չենք տեսել, դրա համար էլ՝ բաժակն ամեն անգամ սեղանին դնելուց ասում ենք «ռեֆորմ» ենք անում, վերցնելուց՝ «ռեֆորմ» ենք անում։ Չէ՛, ռեֆորմ չեք անում՝ չեք արել և չեք էլ կարող անել։
Հ. Գ.
Բոլոր կուսակցություններին առաջարկում եմ վերափոխվել բաց բաժնետիրական ընկերությունների և սկսել չիր արտադրել՝ մեծ պահանջարկ է սպասվում աշխարհում։ Համ գյուղացուն օգուտ, համ կապիտալի շուկան կաշխուժանա, համ էլ կարևոր գործով կզբաղվենք։ Սրանից լավ «ռեֆորմ» ե՞ք ուզում»:

Աղբյուրը`   Կարեն Ադոնց