«Օր շուտ կազմակերպվել և դուրս գալ է պետք». Սոֆյա Հովսեփյան
220
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 21:36
Նախկին պատգամավոր, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Վստահ եմ՝ շատերին են հարցնում. ֊Ի՞նչ անենք, որ ազատվենք ներկա իշխանությունից և վերջ դնենք հայրենիքի կործանմանը։ ֊Ի՞նչ անենք, որ նախկինները չգան իրենցից հետո։ ֊Ինչպե՞ս վարվենք, որ մեր ձայնը լսելի լինի, և դա չօգտագործվի՝ որպես աթոռակռիվ։ ֊Ո՞ւմ կողքին կանգնենք, որ չընկալվենք սերժական, քոչարյանական, նիկոլական, լևոնական, բայց, միևնույն ժամանակ, մեր բողոքի ձայնը հասցնենք տեղ ու պաշտպանենք մեր հայրենիքն ու պետականությունը։ ֊Հիմա դո՞ւրս գանք, թե՞ ոչ։ Նմանատիպ բազմահազար հարցեր եմ ստանում ամեն օր և վստահ եմ, որ շատերին են այս հարցերով դիմում։ Իմ դիրքորոշումն այս է. .Օր շուտ կազմակերպվել և դուրս գալ է պետք։ .Կարիք չկա կանգնելու որևէ մեկի կողքին, այլ կարիք կա կանգնելու ամեն մեկս մեր տեղը և գիտակցաբար, որ որևէ մեկը մեր փոխարեն մեր հարցը չի լուծի։ . Անհրաժեշտ է հասկանալ, որ պայքարը գաղափարի շուրջ է և ոչ աթոռի և անձանց։ .Օր շուտ դուրս գալով՝ կկանխենք անհասկանալի փաստաթղթերի ստորագրումը կամ արդեն ստորագրվածների իրականացումը։ . Ձեր փոխարեն որևէ մեկն իրավունք չունի որոշելու տարածքների հանձնումը հանուն սեփական շահերի։ Այս ամենի իրականացման ճանապարհը մեկն է ՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ։ Հիմա դիմում եմ նախկին երեք նախագահներին. . Եթե ձեզ համար իրապես պետության շահը գերակա է, և իրապես ցանկանում եք վերջ դնել գործող իշխանության կործանարար գործունեությանը, ապա հանդես եկեք հայտարարությամբ, որ չեք հավակնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո գլխավորելու կառավարությունը, չեք լինելու երկրի վարչապետ։ Տալու եք հնարավորություն ժամանակավոր, պրոֆեսիոնալ կառավարության ստեղծմանը, որը մեկ տարի նվազագույն ժամանակով կղեկավարի երկիրը, կկարգավորի պետական համակարգը, կամրապնդի երկրի սահմանները, կհրաժարվի անգամ նվազագույն շռայլություններից և կուղղի անվտանգության հարցերի լուծմանը, կբերի երկիրը հնարավոր կայուն վիճակի, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ, և այդ ժամանակ կարող եք մասնակցել ընտրություններին՝ ժողովրդին տալով իրապես ընտրելու հնարավորություն։ Այս ճանապարհը միակն է իմ կարծիքով, որը կարող է այսօր հայ մարդուն համախմբել և դուրս բերել հանուն պետականության պահպանման։ Այլևս հապաղելու կամ սպասելու ժամանակ չկա. Արցախը, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի մարզերը վտանգված են, և օր շուտ կանխել է պետք հանձնման գործընթացը, իսկ դա կարող ենք անել միայն համախմբվելով, և այդ համախմբումը կստացվի ձեր հայտարարության դեպքում։ Հրաժարվեք լինել հաջորդ վարչապետը, և բոլորը կմիավորվեն։ Հայ ժողովրդի մեջ կան նվիրյալներ, որոնք կհամաձայնեն ստեղծել ժամանակավոր կառավարում և կկանխեն երկրի կործանումը։ Որպեսզի տարատեսակ քննարկումների տեղիք չտրվի, ես հայտարարում եմ. Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, չունեմ որևէ հավանություն ժամանակավոր կառավարության ստեղծման որևէ օղակում»։