Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պետք է ընդունել այս տարրական իրողությունը»․ Արման Աբովյան

«Պետք է ընդունել այս տարրական իրողությունը»․ Արման Աբովյան
256
Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 21:24

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «...մենք պետք է հասկանանք, ընդունենք և գիտակցենք հետևյալ ճշմարտությունը՝ աշխարհաքաղաքականության մեջ չկան լիովին նվիրյալ դաշնակիցներ և ընկերներ, բայց հաստատ կան ուժեր, որոնք նպատակ ունեն վտարել/չեզոքացնել/ոչնչացնել մեզ։
Ի դեպ...ուզում եմ յուրահատուկ «շնորհակալություն» հայտնել թուրք-ադրբեջանական թշնամիներին, որ մեզ չխաբեցին և ուղղակիորեն ասացին, որ ամեն ինչ կանեն մեր գոյությունն ընդհատելու համար։
...
Ես գիտեմ, որ մենք հոգնել ենք կռվելուց, պատերազմելուց և բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց պետք է հասկանալ, որ մեր թշնամիները չեն հոգնել և չեն հոգնի մեզ սպանելուց և մեր Հայրենիքի նկատմամբ նկրտումներ ունենալուց։
Մենք այլ ելք չունենք և երբեք էլ չենք ունենա, քան պայքարել մեր գոյության և մեր երեխաների ապագայի համար։
Ախր, հասկացեք, մեր թուլությունը և մեր վախերը չէն կանգնեցնի մեր թշնամիներին։
Պետք է ընդունել այս տարրական իրողությունը, այլ ոչ թե վախից ապուշացած «երազել» խաղաղության մասին մարդասպանների և բարբարոսների հետ։
Հիշե՛ք, որ մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրն ու մեր ժողովրդին, և եթե մենք հրաժարվենք պաշտպանվել, ապա ոչ ոք չի գա և վտանգի ենթարկի իր զինվորների կյանքը մեր երեխաների կյանքի համար։
Հիմա հասարակության մեջ (իշխանական հակահայկական, թրքահաճո և ադրբեջանամետ քարոզչության հետևանքով) սկսել են հայտնվել մարդիկ, ովքեր ասում են, որ պետք հնազանդվել, զիջումների գնալ մեր Հայրենիքի հաշվին, այլապես պատերազմ կստանանք։
Հիմա հարց, պատրաստ եք դուք գնալ զիջումները Ձեր երեխաների կյանքի և ապագայի հաշվին, փաստացի դատապարտելով մոտ ապագայում Ձեր երեխաներին թրքացման/ոչնչացմանը կամ «լավագույն» դեպքում գաղթի դիմաց:
Ի դեպ՝ սա գույները խտացրած «սցենար» չէ, այլ չոր իրողություն։
...
Իրավիճակի նույնիսկ հպանցիկ և անաչառ վերլուծություը փաստում է, որ այն մարդիկ, որոնք Ձեզ խոստանում են, որ իշխանության կողմից որդեգրած «ապագան» բերելու է խաղաղություն, այդ մարդիկ ստում են և ցավոք կատարում են այն ուժերի կամքը, ովքեր պատրաստվում են մեզ ոչնչացնել։
...
Միայն վերջին սրիկան ու թշնամին մեր մեջ կներարկի «վախ» կոչվող թույնը: Որովհետև միայն Վախը կարող է հաղթել մեզ:
Վախը սպանում է պայքարելու կամքը և մեր վախն ավելի ուժեղ է դարձնում մեր թշնամիներին:
Մի՛ հավատացեք նրանց: Երբեք մի՛ հավատացեք նրանց, ովքեր «խաղաղություն և բարիդրացիություն» բառերը շուրթերին ավերածություններ են բերում մեր տուն։
Իմացեք՝ այս մարդիկ ձեր թշնամիներն են և ձեր երեխաների թշնամիները:
Մեզ ասում են, որ մենք աղքատ, թույլ երկիր ենք, և մենք պայքարելու ո՛չ ռեսուրս ունենք, ո՛չ էլ զենք և պետք է հանձնվենք։
Սուտ է։
Սուտ է։
Սո՛ւտ է։
Մեր թուլությունը՝ մեր սխալներն են, որոնք մենք կարող ենք ուղղել։
Մեր աղքատությունը նաև մեր սխալն է, քանի որ հիմա՝ այսօր, Հայաստանում տիրող պոպուլիզմը, սուտը, անբարտավանությունը․․․․այս արատավոր երևույթների անթվելի շարքը հենց մենք ենք ընտրել և սա էլ կարող ենք ուղղել։
Եվ պատերազմում առաջին հերթին հաղթում է կամքը, պատիվը, հպարտությունն ու հավատն ինքներս մեր հանդեպ։
Մենք հիմա չափազանց թույլ ենք, որպեսզի խաղաղության արժանի լինենք:
Մենք հիմա չափազանց թույլ ենք, որպեսզի մեզ խաղաղություն նվիրեն:
Մենք հիմա չափազանց թույլ ենք, որպեսզի թույլ տանք, որ ուրիշները որոշեն մեր ճակատագիրը:
Եվ հիշեք ամենագլխավորը՝ ոչ ոք չի կարող մեր փոխարեն որոշել մեր ճակատագիրը, եթե մենք դա չուզենք։
Մնացածը՝ կարևոր չի»։

Աղբյուրը`   Արման Աբովյան