Կիրակի, 27 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան

«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
51
Այսօր, 00:54

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարծում եմ՝ անտեսվում և չի քննարկվում մեկ այլ վարկած, թե ով կարող էր «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը՝ «Հայի ոգին անպարտ է» գրությամբ հանդերձ։ Ճիշտ է, Երևանի քաղաքապետարանից վստահեցրել են, որ նկարը ջնջվել է պատի «վերականգնման աշխատանքների» շրջանակում, բայց մինչև այսօր ոչ ոք չի տեսել, թե երբ և ով է այդ բանուկ ու մշտապես մարդաշատ հատվածում նման «վերանորոգում» իրականացրել։ Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս։
Այն, որ այդ հակահայկական վանդալիզմը կարող էր իրականացվել ՔՊ-ական խունտայի հրահանգով, ինքնին հավանական է։ Բայց այս պահի դրությամբ դա միակ վարկածը չպետք է լինի։ Ոչ պակաս հնարավոր է, որ ՀՀ Անկախության օրվա նախօրեին նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ Բաքվից կամ Անկարայից իջեցված ուղիղ հրամանով։ Այսօր այդ թշնամի պետությունների բազմաթիվ գործակալներն ու շարժունակ գործակալական խմբերը կարող են անարգել գործել Երևանի փողոցներում՝ քողարկվելով, մասնավորապես, մոտոցիկլետներով երթևեկող, սաղավարտներով ու դեմքերն ամբողջովին ծածկած առաքիչների տեսքով։
Անգամ եթե պատկան մարմինները ցանկություն և կամք ունենային հայտնաբերելու նման վնասարարական գործողություններ իրականացնողներին (ինչը բոլորովին չի դրսևորվում), դա չափազանց բարդ գործ կլիներ։ Արտաքին ուժերի թելադրանքով ցեղասպան հարևաններ ունեցող և մշտապես վտանգված մեր երկիրը ողողվել է տասնյակ հազարավոր օտար տարրերով, որոնց մի մասի ինքնության, գործունեության և տեղաշարժերի նկատմամբ պատշաճ վերահսկողությունը պարզապես անհնար է։
Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև։ Թշնամին էլ, բնականաբար, ձգտելու է հարմար պայմաններից օգտվել առավելագույնս։ Առայժմ գործը կամ դրա տեսանելի մասը կարող է սահմանափակվել պատերից հայ հերոսների պատկերները ջնջելով։ Սակայն հետագայում դիվերսիաները կարող են ոչ միայն հոգեբանական ու խորհրդանշական լինել, այլև բոլորովին այլ բնույթ ստանալ ու շատ ավելի լայն ծավալներ ընդունել՝ արդեն մահաբեր հետևանքներով։
Հայաստանի ազգային անվտանգության համակարգը կենտրոնացած է մեկ ուղղության վրա՝ գործող իշխանության վերարտադրությունն ու անխափան գործունեությունն ապահովելու։ Բոլոր մյուս ճակատները բաց են ու թափանցիկ։ Ցավոք, այս վտանգավոր իրավիճակը դեռ շարունակվելու է և պարբերաբար «պայթելու»՝ ինչպես նմանատիպ խորհրդանշական, այնպես էլ, հնարավոր է, ավելի կոշտ գործողություններով։
Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի պնդումներին, ապա դրանք, որպեսզի արժանահավատ համարվեն, պետք է վավերագրականորեն ու հրապարակայնորեն հաստատվեն՝ պատից Ալբերտի ու նրա հրանոթի պատկերը, ինչպես նաև «Հայի ոգին անպարտ է» գրությունը ջնջած անձանց անունների, ազգանունների և լուսանկարների հրապարակմամբ»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան