Կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել. ինչպես են արձագանքում կառավարիչները

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընթացիկ տարվա վեց ամսվա եկամտաբերության բացասական միտումը կարճաժամկետ կտրվածքով է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամունդի-Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը նշել է, որ 2014 թվականից ի վեր, երբ կենսաթոշակային ֆոնդերը սկսել են կառավարվել, եղել են «շոկեր», սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջորդել են վերականգնման փուլերը: Այժմ միջազգային շուկայում գրանցված երերումների ֆոնին հերթական ալիքն է գրանցվել:
«Ընթացիկ տարվա վեց ամիսներին կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են եկամտաբերության որոշակի բացասական արդյունք: Մեր դեպքում դա տատանվել է 5-10 տոկոսի սահմաններում: Իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ՝ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ, գնաճային ճնշումները: Ակտիվների որոշակի մասը՝ շուրջ 30 տոկոսը, ներդրված է արտասահմանում տարբեր երկրներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով: Երբ այդ կատարված ներդրումները վերածում ենք դրամային արտահայտության՝ համապատասխան փոխարժեքի միջոցով, ապա, կախված կուրսից, երևում է դրամային համարժեքը: Տարեսկզբից ունեցել ենք բավական բարձր փոխարժեք և՛ դրամ-դոլար, և՛ եվրո-դոլար գծով: Կիսամյակի վերջում դրանց մակարդակը իջել է ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել ֆոնդերի կիսամյակային եկամտաբերության վրա»,-ասել է Հրայր Ասլանյանը:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանի խոսքով՝ ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ և դրանք դրամով վերագնահատվելիս բացասական արդյունք են տալիս:
«Բայց դա այս պահի դրությամբ վնաս է: Ֆոնդերը պահում են գործիքները, հնարավորություն կա վերականգնել եկամտաբերությունը: Երկարաժամկետ կտրվածքով կապիտալի շուկաներն ունեն վերականգնման հնարավորություն: Ավելին, նույնիսկ այս բացասական փուլը ներառյալ, 2014 թվականից մինչ այսօր ֆոնդերի եկամտաբերությունը տարեկան եղել է միջինը 7 տոկոս: Եղել են տարիներ, երբ երկնիշ աճ է գրանցվել: Մեր 7 տարվա փորձը, իսկ ամբողջ աշխարհում՝ երկար տարիների փորձը, ցույց են տալիս, որ ճգնաժամային իրավիճակներից հետո հաջորդում է վերականգնման փուլը, իսկ մենք դեռ բավական ժամանակ ունենք, մինչև առաջին շահառուները կսկսեն կենսաթոշակ ստանալ»,-ասել է Իզաբելլա Ադիլխանյանը:
Հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսական միտումները դեռ անորոշության մեջ են, հետևաբար, կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված մտահոգությունները դեռ պահպանվում են: Հրայր Ասլանյանը նշեց, որ իրենք ամենօրյա, շարունակական աշխատանք են կատարում պորտֆելի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:
«Գործիքակազմի, մոտեցումների փոփոխությունը շարունակական է ու պայմանավորված չէ այս կամ այն անկմամբ: Եղած իրավիճակի պայմաններում պետք է փորձենք մեր պորտֆելն այնպես կառուցել, որ վնասը լինի նվազագույնը, իսկ շուկաների վերականգնման դեպքում, հնարավորինս օգուտ քաղենք: Մեր անելիքը պորտֆելի դիվերսիֆիկացիան է: Պետք է փորձել տարբեր ռիսկեր ներառել մեր քաղաքականության մեջ, այսինքն՝ ներդրումները բաշխել այնպես, որ նման շարունակական երևույթների, ինչպես նաև՝ նոր երևույթներ ի հայտ գալու ազդեցությունը ֆոնդերի վրա լինի նվազագույնը»,-ասել է նա:
Հրայր Ասլանյանն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, շուկաները տատանողական են, և օրինաչափ է, որ արձագանքում են տարբեր աշխարհամասերում տեղի ունեցող «շոկերին»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
187Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
548Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
24312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
23612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
49711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
73711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25511.08.2026, 16:54