«Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը». Արմեն Գրիգորյան
![]() 273 Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 20:12 Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։ - Պարո՛ն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և այսպիսով տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն: - Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն և քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարևոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար: - Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար: - Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է և օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում... - Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը: - Սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր և հունիսին և հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, և մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արևելք-արևմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը և մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետև դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում և տրամադրված ենք շարունակել նույն ոգով: - Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու: - Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի և խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա: - Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչո՞ւմը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի՞: - Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված եւ հետագայում վավերացրած ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա եւ Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի: - Իսկ Ղարաբաղը, ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը և կարգավիճակը: - Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ: - Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն: - Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որևէ նման բանաձևի մասին խոսելը: - Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն: - ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է: - Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: - Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով: - Իսկ գերիների վերադա՞րձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանո՞ւմը: - Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաև այս հարցի շուրջ և նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է: - Նախորդ օրը ՏԿԵ նախարարությունը հայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսվում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է ավարտվելու շինարարությունը: - Այո՛: Շինարարությունը կավարտվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետում: - Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում: - Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, և սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջև: Հայաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները և հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
14201:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
18700:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
366Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
832Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
425Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1106Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1023Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
891Երեկ, 14:24
