Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վարուժան Ավետիսյանը Հայաստանի ապագա վարչապետն է». ԱԺԲ

«Վարուժան Ավետիսյանը Հայաստանի ապագա վարչապետն է». ԱԺԲ
204
Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 11:12

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Ռուս-ուկրաինական պատերազմով սկսված համաշխարհային ներկա հակամարտության ուղեծրում գտնվող Հարավային Կովկասում լարումն առաջիկայում սաստկանալու է:
Թուրք-ադրբեջանա-ռուսական մեծացող ճնշումները՝ հօգուտ Զանգեզուրի միջանցքի, Բերձոր-Աղավնո-Սուս բնակավայրերի հապշտապ էթնիկ զտումը հայերից, Ռուսաստանի ԱԳՆ բողոքի խելահեղ նոտան, ԱՄՆ, Իրանի, Ռուսաստանի հետախուզական գործակալությունների ղեկավարների Հայաստան այցելությունները, Սուրմալուի աղետը, հայկական ոստիկանության կողմից ռուսական ոստիկանության բռնի գործողությունների կապկումները՝ ազատ խոսքի եւ հավաքների ազատության դեմ՝ Հայաստանը հաստատուն քայլերով մոտեցնում են մի կողմից ինքնիշխանության եւ պետականության կորստյան, ինչպես նաև արտաքին՝ օտար կառավարման կետին, մյուս կողմից՝ պոտենցիալ նախապայմաններ են ստեղծում Հայաստանի իրական ապագաղութացման համար:
Հայաստանի ռեժիմի վարքագիծն ապացուցում է, որ այն չի ցանկանում դիմագրավել մարտահրավերներին և ինչպես 44- օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ, որդեգրել է ռուս-թուրքական ճնշումների առջև քայլ առ քայլ նահանջելու քաղաքականություն և շարժվում է դեպի Հայաստանի ինքնիշխանության հստակորեն տեսանելի կորուստ՝ հավանաբար իշխանափոխության տեսքով և Մոսկվային, հետևաբար և Անկարային սեփական ճակատագիրը կամովին հանձնելու ուղով:
Թշնամու հետևողական առաջխաղացումը մենք տեսնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում չի ձևավորվել ազգային շահեր հետապնդող անցումային կառավարություն:
44-օրյա պատերազմի կորուստները լինելու են անվերջ։ Այնքան ժամանակ՝ մինչև Հայաստանում չգիտակցվի, որ այս իշխանության օրոք չի դադարելու հայկական շահերի ծրագրված և հետևողական հանձնումը:
Ընթացող աղետի պայմանններում հակաճգնաժամային արտակարգ քայլերի անհրաժեշտությունը բացարձակ է։
Հետևաբար, դրանցից առաջինով Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը:
Այդ թեկնածուն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է։
Վարուժան Ավետիսյանը ներկայումս գտնվում է բանտում: Նա և իր ապստամբ ընկերները վերստին ձերբակալվեցին Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ին:
Այս ռեժիմը վախենում է, ոչ թե «հներից», որոնց ազատորեն ճամփորդելու և դրսում «բուժելու» հնարավորություն է տալիս, այլ՝ հենց Վարուժան Ավետիսյանից և նրա գաղափարակիցներից:
Թշնամու հայաստանյան կոլաբորացիոնիստների կողմից Բևեռի հետապնդումը բացահայտորեն վկայում է, որ իրենց մարդկային առաջնորդությամբ, թիմով, ապագաղութացման օրակարգ, անցումային փուլի վարում և երկրում համերաշխության վերականգնում ներառող ճանապարհային քարտեզով՝ ներքին թշնամիների այլընտրանք է հանդիսանում Ազգային-Ժողովրդավարական Բևեռը՝ ներառյալ Խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանն օժտված է առաջնորդության և կառավարման բացառիկ ձիրքով, բարոյական բարձր հատկանիշներով և սկզբունքայնությամբ, գաղափարական պատրաստվածությամբ, արտակարգ իրավիճակներում ցուցաբերվող կամային որակներով, վճռականությամբ, լայնախոհությամբ և իմաստնությամբ:
Վարուժան Ավետիսյանը Հայաստանի փրկության դրոշակակիրն է:
Վարուժան Ավետիսյանը մեր թեկնածուն է։
Վարուժան Ավետիսյանը Հայաստանի ապագա վարչապետն է»:

Աղբյուրը`   ԱԺԲ խորհուրդ