«Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է ուժեղացնի ուսուցչին․ մենք դա ենք անում». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցիչների տոնի կապակցությամբ։
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ:
Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը:
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող:
Նոր համակարգը տալիս է նման հնարավորություն, բայց սա միայն սկիզբն է: Ուսուցչի աշխատավարձի բարձրացման այս համակարգը, որտեղ ըստ էության որոշումները կայացնում է ինքը՝ ուսուցիչը, պետք է շարունակաբար ու պարբերաբար գործի հնգամյա շրջափուլերով, և երկրորդ շրջափուլից արդեն, ուսուցչի՝ դրույքով ու տարակարգով ապահովված աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի:
Եվ սա ձեզ համար չենք անում, սա անում ենք պետության համար, ապագայի համար, որովհետև մեծ հաշվով դուք և ձեր աշխատանքն է որոշում՝ քանի՞ գիտնական դուրս կգա դպրոցից, քանի՞ բժիշկ, քանի՞ հետախույզ, քանի՞ զինվորական, քանի՞ շինարար, քանի՞ արվեստագետ և ինչպիսի հոգևոր ու արժեքային կապով կապված կլինեն նրանք իրենց մասնագիտության և իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ:
Մենք պիտի առանձնահատուկ հոգ տանենք գյուղական բնակավայրերի մեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք հեռու չզգան իրենց:
Հանրակրթության ոլորտում, ըստ էության, մենք ավարտել ենք նախագծման աշխատանքները. կամավոր ատեստավորման, տարակարգերի նոր համակարգի, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների, դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, համայնքային կրթահամալիրների ստեղծման մեր ծրագրերը թողարկված են, դպրոցի վերելքի գործընթացը՝ մեկնարկած:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

«Առաջարկում եմ կրթական աստիճանը ստուգելու հետազոտություն անցկացնել նաև ԱԺ-ում»․ Թաթուլ Հակոբյան
9017:36
«Ամեն ինչ իրենց մակարդակին են իջեցնում»․ Արա Պապյան (լուսանկար)
8717:18
«Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի»․ Հակոբ Բադալյան
12210:00
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
12709:18
«Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք»․ Տիգրան Ջրբաշյան (լուսանկար)
188Երեկ, 17:24
«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան
216Երեկ, 15:36
«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան
197Երեկ, 15:18
««Հայ ասպետ»․ նախագիծ, որը կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին»․ Մենուա Սողոմոնյան
210Երեկ, 10:48