«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Իր ելույթում նա նշել է, «Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։
2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։
Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Սա ներառում է Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ։
Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում, մենք մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։ Այս առումով, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։
Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել միջավայր առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման համար։
Գերազանցություններ,
Մենք կարծում ենք, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ։
Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ներդնել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև ամրապնդել միջազգային գործընկերությունները, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները նպաստեն կայուն զարգացմանը և մարդկության համար ավելի լավ ապագայի կերտմանը»:

«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
2720:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
7818:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
7217:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
6517:06
«Սա աշխարհի պատմության ամենամեծ ընտրակաշառքն է»․ Տիգրան Խզմալյան
7616:54
«Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6416:48
«Դատական նոր հատակների ճեղքում»․ Մարատ Եգանյան
6816:36
«Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է»․ Վահագն Մելիքյան (տեսանյութ)
7416:24