Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ հստակեցվելու են խաղի կանոնները». Նորայր Նորիկյան

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ հստակեցվելու են խաղի կանոնները». Նորայր Նորիկյան
179
Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 17:24

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Ուշագրավ․ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ հստակեցվելու են խաղի կանոնները․․․
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997թ․ օգոստոսի 29-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն ուժի մեջ է մտել 1998թ․ նոյեմբերի 5-ին։
Նշված պայմանագրի 23-րդ հոդվածի համաձայն՝ Սույն Պայմանագիրը կնքվում է քսանհինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Եթե քսանհինգ տարվա ժամկետի մեկնարկը հիմք ընդունենք պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 1998թ․ նոյեմբերի 5-ից, ապա նշանակում է, որ սույն պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց՝ 2023թ․ նոյեմբերի 5-ին։
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է այդ պայմանագրով սահմանված կարգով։
Վերը նշվածից հետևում է, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը պետք է երկարաձգեն վերը նշված պայմանագրի ժամկետը, եթե կողմերից որևէ մեկն առաջիկա օրերին գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին, ինչը քիչ հավանական է․․․
Սա շատ լավ առիթ է՝ վերաիմաստավորելու նշված պայմանագիրն ամբողջությամբ ու կիրառման հնարավորությունները։
Ավելի՛ն, սա շատ լավ հնարավորություն է՝ ընթացող աշխարհաքաղաքական տեկտոնիկ գործընթացների համատեքստում հստակեցնել հայ-ռուսական հարաբերությունները, վերբեռնել այն, ինչի մասին խոսում եմ դեռևս 2018 թվականից ու պարզել խաղի կանոնները։
Հայաստանի քաղաքական վերնախավին, ինչպես նաև քաղաքական բոլոր կուսակցություններին հորդորում եմ մեկ անգամ ևս խորությամբ ուսումնասիրել նշված պայմանագրի դրույթները՝ հասկանալու համար, թե այս տարիների ընթացքում սույն պայմանագրի ո՞ր հոդվածները մնացին թղթի վրա, ինչո՞ւ և ո՞ւմ պատճառով․․․»:

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան