Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ինձ ծեծելն ակնհայտ նպատակ ուներ». Էդգար Ղազարյան

«Ինձ ծեծելն ակնհայտ նպատակ ուներ». Էդգար Ղազարյան
743
Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 11:18

Հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը 24 TV-ին տված հարցազրույցում խոսել է օրեր առաջ իրեն ծեծի ենթարկելու դեպքի մասին: «Դեպքից անցել է չորս օր, դեռևս չկա որևէ ձերբակալված կամ բերման ենթարկված անձ, սա այն դեպքում, երբ մենք ունենք իրավապահ մարմինների հսկայական համակարգ։ Հանցագործները դիմակավորված չեն եղել, և ամբողջ համակարգը նույնիսկ մեկ մարդու չի ձերբակալել»։

Ղազարյանը հավաստիացրել է, որ ծեծելն ակնհայտ նպատակ ուներ՝ իրեն լռեցնել՝ իր գործունեությամբ պայմանավորված, քանի որ այն ուղղված է ՀՀ գործող իշխանություններին՝ մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին և շատ դեպքերում նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին։

Ղազարյանը նաև այս ամենին ի հակառակ օրինակներ է թվարկել, որոնց իրավապահ մարմիններն արագ արձագանքել են․ «Դիմադրության շարժման երթերից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը դատարկ ջրի շիշ էր նետել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ, ով Փաշինյանի ընկերն է, նույն օրը ոչ միայն քրեական գործ էր հարուցվել, այլև շիշը նետողը ձերբակալվել էր։ Կամ դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ երթի մասնակիցներն ուղղակի վանկարկումներ էին արել՝ առանց մատով կպնելու, քրեական գործ էր հարուցվել և նույն օրն այդ խոսույթը հնչեցնողների նկատմամբ քրեական պատասխանատվության միջոցներ էին կիրառվել։ Հիմա իմ նկատմամբ ակնհայտ դաժան բռնություն է իրականացվել, չորս օր է՝ բերման ենթարկված մարդ չկա, ո՞նց սա չկապես իշխանության հետ»։

«Ինձ ծեծելն ակնհայտ նպատակ ուներ». Էդգար Ղազարյան