«Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա». Ալեն Սիմոնյան
![]() 161 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 13:48 Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստորև. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում: Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում: Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում և կնախընտրեի խոսել խաղաղության և համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով: Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և ռազմագերիներ, ինչպես նաև կան մի քանի հազար տեղահանվածներ: Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին և նոյեմբերին: Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների և անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր: Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում: Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ և հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում և ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է: Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը և բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման և ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ: Հատուկ կարևորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով: Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը: ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա և Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն): Գործընկերնե՛ր, կցանկանայի նաև նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա: Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը պատրաստ է բացել եղածը և նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են: Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա: «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և որևէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա: Առավել ևս, որ Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, և դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի: Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները և որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը: Չափազանց կարևոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը: Հարգելի՛ գործընկերներ, Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետևանքներ չունեն աշխարհի համար: Հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է: Եվ մենք ցուցաբերել ենք կամք և կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար: Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ: Շնորհակալություն ուշադրության համար»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
