Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պեսկովը կարող է հեքիաթ պատմել միայն յուր շրջանակում». Ստյոպա Սաֆարյան

«Պեսկովը կարող է հեքիաթ պատմել միայն յուր շրջանակում». Ստյոպա Սաֆարյան
176
Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 17:30

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Որքան էլ Դմիտրի Պեսկովն իրեն պատեպատ է տալիս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ միութենական պետության մեջ Հայաստանին մտցնելու համար անբացահայտ ու ոչ պաշտոնական, երբեմն Ադրբեջանի ձեռքերով ճնշումների մասին հայտարարության կապակցությամբ ու այն որակում է սադրանք, հենց ԱՊՀ տարեվերջյան հավաքում իր անմիջական շեֆի տեքստային ու սիմվոլիկ ուղերձները հաստատում են Արմեն Գրիգորյանի ասածը:

Ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակ. Պուտինն իր ելույթում նրբորեն բարձրացրեց ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու հարցը։ ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության ընթացիկ տարում Մոսկվան հասել է նրան, որ 2023-ը լինի ռուսերեն լեզվի տարի, ու այժմ գալիք տարում այդպիսի միջոցառումներ են պլանավորված բոլոր երկրներում։ Քանի որ բացի Բելառուսից, մնացած երկրներն ամենևին խանդավառված չեն իրենց երկրներում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու հեռահար նպատակից, Պուտինն այդ հարցը բարձրացնում է նրբորեն, իսկ նրա խոսքի տողատակը դա էր։ Այդպիսի նպատակ դնողը լավ գիտի, թե ինչու է առաջ մղում այդ հարցը։

Էրմիտաժ՝ նախասովետական ռուսական կայսրության «պատմամշակութային գանձանակ». որպես իր ելույթում նախախորհրդային ժամանակներից սկսած ժողողովուրդների՝ մեկ «մեծ տան» մեջ ապրելու ժամանակաշրջանի հիշողության թարմացում, ԱՊՀ հին ու նոր սերնդի ղեկավարներին բերել էին կայսերական թանգարանի ցուցասրահ՝ «պատմելու ու ցուցադրելու, թե ինչ բարձր մշակույթ է ստեղծվել ռուսական կայսրության տարածքում...»:

ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրված մատանիներ. քանի որ Ռուսաստանում քաղաքական, աշխարհաքաղաքական միասնությունն ու միությունը մեկնաբանում են ամուսնության տերմիններով, այդ մտածողության շրջանակներում միանգամայն բացատրելի է դառնում ինքնահռչակ միապետի կողմից նախկին կայսրության սուբյեկտներին մատանի նվիրելու ակտը որպես նոր նշանանադրություն կամ դրա մտադրություն....

Ի վերջո, Սյունիքում Զանգեզուրյան միջանցք ստանալու համար Կրեմլն ունի 2 ճանապարհ՝ կա՛մ իր կողմից չկանխվող, քաջալերվող ու սաստկացող ադրբեջանական պահանջատիրությունից ազատվելու համար Հայաստանը հոժարակամ Մոսկվայի է փոխանցում Սյունիքի նկատմամբ ինքնիշխան վերահսկողության ու տնօրինման մանդատը, միայն թե թուրքը չվերցնի այն, ինչպես որ եղավ Արցախի ու Լաչինի դեպքում, կա՛մ միութենական պետության պայմաններում մետրոպոլիայի իրավասության տակ է հայտնվում ամեն ինչ, այդ դեպքում նորօրյա «Երևանի նահանգի իշխանությունը» չի էլ կարող առարկել, թե վերադասը՝ Կրեմլը, ինչ է անում/կառուցում/թույլատրում քո տարածքի որևէ մարզում, տվյալ դեպքում Սյունիքում, քանի որ ամբողջն արդեն իրենն է։

Եվ քանի որ Հայաստանը չի հանձնվում առաջին սցենարով, մնում է երկրորդը։ Այնպես որ, Պեսկովը կարող է հեքիաթ պատմել միայն յուր շրջանակում»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան