Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել
190
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 11:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել, գրում է «Հետքը»։

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի և Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» և անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի և պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա և Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաև «ՉերՎուդ» ՍՊԸ-ն:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլև ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ և Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաև ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն և անշարժ գույք, առևտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր:

Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների և Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» և ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

34-ամյա Նարեկ Ղազարյանը ևս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլև Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

ՀՀ քաղաքացի, Իջևանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող և գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս ևս Իջևանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջևանի նույն թաղից են եղել: Նրանք նաև սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48: Հատկանշական է, որ 1999-ին Ա. Ղազարյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, նրա դիմումը բավարարվել է այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանի կողմից: Իր իսկ պատմելով՝ 34-ամյա Նարեկ Ղազարյանը ևս ծնվել է Իջևանում, 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ուկրաինա, որի քաղաքացի է:

2012-ին Անդրանիկ, Ֆրունզե և Պետրոս Ղազարյանների հովանավորությամբ, ի հիշատակ իրենց հոր, Իջևանում բացվել ու օծվել է Ս. Ամենափրկիչ եկեղեցին: 2014-ին էլ Ղազարյան եղբայրների ֆինանսավորմամբ Իջևանում բացվել է մանկական խաղահրապարակ: Իջևանի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել է, որ Ղազարյանների ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաև քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երևանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը: Իջևանի ավագանին պատվավոր իջևանցու կոչում է շնորհել Ֆ. Ղազարյանին, դրանից մեկ տարի առաջ էլ նույն պարգևին արժանացել էր Ա. Ղազարյանը:

2018-ի քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել էր համաժողովների շարք, որոնցից «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը կայացավ 2018 թ. սեպտեմբերին Իջևանում: Դրան մասնակցել է նաև Անդրանիկ Ղազարյանը: Վերջինս այնուհետ Չերկասի էր հրավիրել Տավուշի այն ժամանակվա մարզպետ (ներկայում՝ իշխանական պատգամավոր) Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու և Հայաստանում ծրագրեր սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Ղազարյանը մտադրություն էր հայտնել Տավուշում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն՝ 630 մայր խոզի համար: Մայր տնտեսությանը կից պետք է հիմնադրվեին փոքրիկ ֆերմերային տնտեսություններ, որոնք ապահովվելու էին մայր խոզերով, կերով: Պահելուց, աճեցնելուց հետո փոքր տնտեսությունները հետ էին վերադարձնելու միայն կերի գումարը, իսկ եկամուտն ամբողջովին մնալու էր իրենց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում