««Դեմոկրատիա» կոչվածը նախ և առաջ լավ ձևավորված քանակի իշխանություն է, ոչ թե ճշմարտության». Վլադիմիր Մարտիրոսյան
203
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 21:54
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասնագիտական և փորձագիտական ապարատը VS պոպուլիստ իշխանության և «բյուրոկրատ ընդդիմության»: Հայաստանը կառավարվում է զրո մասնագիտական ապարատով: Հայաստանի կառավարման և հայկական պետության շահերի ներկայացման և խորացման մեջ զրոյական մասնակցություն ունի յուրաքանչյուր ոլորտում տարիներով փորձ, գիտելիք ու ապրոբացիա անցած, մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի ապարատը և փորձագիտական ռեսուրսը, որոնց ձևավորման վրա պետությունը տասնամյակներով միջոցներ և ռեսուրսներ է ներդրել: Այսօրվա անօգնական, անդամալույծ և կազմաքանդվող պետության կարգավիճակը մեծ հաշվով ինստիտուցիոնալ հիշողություն կրող մասնագիտական և փորձագիտական ապարատի օտարման արդյունք է: Մեր երկրի օրհասական խնդիրների՝ մասնավորապես քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, ակադեմիական, անվտանգային, իրավական, հանրային ոլորտների քաղաքականության մշակմամբ և կիրառմամբ այդ մասնագիտական շերտերը չեն զբաղվում: Նրանք ամբողջությամբ դուրս են գտնվում սեփական պետության ճակատագրի որոշման կենտրոններից: Ավելին, նրանք ոչ միայն ընդունվող որոշումների վրա ազդեցություն չունեն, այլ նույնիսկ խորհրդատվական կամ փորձագիտական մակարդակով ներկայացված կամ ընդգրկված չեն այդ ոլորտներին վերաբերվող մարտավարություների և քաղաքականության մշակման գործընթացներում: Այդ մասնագիտական ապարատը ունի մեկ առանձնահատկություն՝ չցուցաբերել հասարակաքաղաքական ինքնակազմակերպում և ինքնակառավարում և հեռու մնալ պրոցեսներից, եթե դրանց մեջ նրանց ներգրավող քաղաքական ակտորներն ու կազմակերպությունները հստակ և շոշափելի ցույց չեն տալիս իրենց քաղաքական պատրաստակամությունը, լուծման ենթակա խնդիրը և ակնկալվելիք արդյունքը: Մինչ այդ ընդդիմադիր քաղաքական ակտորները շարունակում են թերագնահատել պոպուլիզմը ինստիտուցիոնալ մակարդակի հասցրածներին և գործարկողներին: Որքան ձգվում է ռացիոնալ հիմքով թերագնահատումը, այնքան աճում է պոպուլիստների հաղթարշավը: Ավելին, նրանք ջախջախում են, որովհետև ինֆորմացիոն դարաշրջանում աշխատում են ինֆորմացիոն և քարոզչական գործիքներով, այլևս ինֆորմացիոն դարձած հասարակությունների հետ, հրամցնելով նրանց ոչ թե պատմական հիշողություն, գաղափարախոսություն, ճշմարիտ պրոդուկտ և առաքինության փիլիսոփայություն, ինչպես կանեիք դուք, այլ պսևդոճշմարտություններ, որոնք շատ հասանելի են, ունեն թշնամացման հասցե, լավ քարոզվող են, շատ բարձր են, պրիմիտիվ և հասանելի: Հենց այդպես դրանք ապահովում են ազդեցություն, շահույթ և ամրապնդում են իրենց քաղաքական շահը: Այս դիմակայության մեջ պարտվելու են բոլոր նրանք, ովքեր լայն իմաստով ինֆորմացիոն հասարակության հետ շարունակում են աշխատել վաղուց չաշխատող արդարության, օրինականության, ճշմարտության, պատմական արդարության, «ազնվության» գործիքներով: Սա է պատճառը, որ զարմանքը դարձել է միակ զգացումը, որը ամենօրյա ռեժիմով պատում է բոլորիս, իսկ նրանց տալիս «սնունդ» և էներգիա նոր հորիզոններ գրավելու համար: Նրանք աշխատում են քանակի վրա, որովհետև «դեմոկրատիա» կոչվածը նախ և առաջ լավ ձևավորված քանակի իշխանություն է, ոչ թե ճշմարտության: Թե ով ինչ էֆեկտիվությամբ կաշխատի քանակի հետ, նա էլ հետագայում կորոշի քանակի որակը: Քարոզչական պատերազմում պարտվողը կպարտվի նաև այդ պատերազմի մյուս բոլոր ֆրոնտերում, եթե չսկսի սեփական խնդիրների լուծման դեղատոմսերից և լքված մասնագիտական ապարատի դերակատարության բարձրացումից սեփական քաղաքական մարտավարության մշակման մեջ: Եթե դա շատ ուշանա, ապա չեմ բացառում, որ նույն մասնագիտական և փորձագիտական հանրույթը նույն ընդդիմադիր քաղաքական ակտորներին դուրս մղի դաշտից դիրքավորվելով որպես իշխանափոխության գլխավոր քաղաքական հավակնորդ»: