«Կովկասի խաղաղության և պատերազմի հարցը զգալիորեն որոշվում է Անկարայում». Հակոբ Բադալյան
553
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 17:24
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դուր գա մեզ, թե ոչ (ինչպե՞ս կարող է դուր գալ, մեղմ ասած), բայց Կովկասի խաղաղության և պատերազմի հարցը այսօր, և արդեն շատ երկար ժամանակ, զգալիորեն որոշվում է Անկարայում: Սրա պատճառները մի քանիսն են ու ընկած են աշխարհաքաղաքական գործոնների դաշտում: Հայաստանը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, ըստ այդմ՝ չաշխատել Անկարայի հետ: Դա շատ բարդ, 44-օրյա պատերազմից հետո զգալիորեն անպատիվ, մարտահրավերներով ու ռիսկերով լեցուն, բայց անհրաժեշտ աշխատանք է: Իհարկե այդ աշխատանքը պետք է կարողանալ անել, և կարողանո՞ւմ է պաշտոնական Երևանը, թե ոչ, սա անշուշտ քննարկման առարկա հարց է: Ընդ որում, շատ նորմալ է, որ քննարկման առարկա է: Այո, պետք է Թուրքիայի հետ շփումների հարցում Հայաստանում լինի ուժեղ և խիստ ընդդիմախոսություն, բայց շատ կարևոր է, որ դա լինի քաղաքական ընդդիմախոսություն: Քաղաքական ընդդիմախոսությունը բոլորովին չի բացառում զգայական տարրերի առկայությունը, առավել ևս, որ դրանց առկայությունը ունի ծանր ու ծանրակշիռ պատմական ու ներկայի հիմք: Պարզապես, առանցքում այդուհանդերձ պետք է լինի քաղաքականությունը, քանի որ հայ-թուրքական հաղորդակցությանև հարաբերության խնդիրները մեզանից անկախ միջազգային հարաբերությունների անխուսափելի մաս են, հետևաբար մենք այստեղ ունենք ընդամենը որպես սուբյեկտ ձևակերպվելու կարիք: Իսկ դրա համար շատ կարևոր է քաղաքական ընդդիմախոսության առկայությունը: Բայց, կրկնեմ միտքս, որ պատերազմի և խաղաղության հարցը վաղուց վճռվում է Անկարայում, հետևաբար հաղորդակցությունը անհրաժեշտություն է մեզ համար՝ այդ հարցում ամենից զգայուն օղակներից մեկի: Մյուսը Վրաստանն է, և սա նորություն չէ: Ու ընդամենը օրեր առաջ Վրաստանը Թուրքիայի հետ ստորագրեց անվտանգության ոլորտում ռազմավարական գործակցությունը խորացնելու մտադրությունների հուշագիր: Իհարկե, իրատեսական առումով խոսք չի կարող լինել Հայաստանի և Թուրքիայի միջև այդպիսի հուշագրի մասին, բայց գոնե հաղորդակցությունը նվազագույն միջոց է ռիսկերը կառավարելու համար: Հատկապես, երբ կա դրանցից մեծագույնը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության ու շահերի հաշվին Թուրքիային սիրաշահելու, Թուրքիայի հետ պայմանավորվելու ռուսական քաղաքականության ավանդույթը: Իհարկե դրան էլ մենք աստիճանաբար պետք է ցուցաբերենք քաղաքական, այլ ոչ զգայական վերաբերմունք: Եվ Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության կայուն միջավայր ձևավորելը Թուրքիայի հանդեպ ռուսական քաղաքականության նկատմամբ Հայաստանի քաղաքական վերաբերմունքի ձևավորման մի քայլ է, որը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան-Ռուսաստան քաղաքական փոխհարաբերության լայն վերափոխման համատեքստում: Այդ վերափոխումը անխուսափելի է, ու դա որևէ կապ չունի Ռուսաստանում իշխանության փոփոխության հետ, Ուկրաինայի պատերազմի այս կամ այն արդյունքի հետ: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Հայաստանում ավելի շատ արտահայտվում է Ռուսաստանի իշխանության տարբեր խմբերի մոտեցումների պայքարը, քան ԱՄՆ-Ռուսաստան պայքարը: Կան շատ խմբեր, որոնք բացարձակ շահագրգռված չեն Հայաստան-Ռուսաստան հարաբերության քաղաքական վերափոխման խնդրով, այդ հարցում «ստատուս-քվոյի» փոփոխության հեռանկարով՝ թեև հին ստատուս-քվոն արդեն չկա, բայց պայքարը այն վերականգնելու համար է: Եվ այդ պայքարում բնականաբար առանցքային խաղադրույք է կատարվում թուրքական գործոնի զգայական ասպեկտի վրա: Կրկնեմ, սա հիմնավոր ասպեկտ է, սակայն խնդրահարույց է դառնում, երբ հենց դա է կազմում քաղաքականության հիմքը, այլ ոչ թե լինում քաղաքականության մաս»: