Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հանրային համախմբում է անհրաժեշտ՝ երեք հարցի շուրջ»․ Դավիթ Անանյան

«Հանրային համախմբում է անհրաժեշտ՝ երեք հարցի շուրջ»․ Դավիթ Անանյան
368
Երեկ, 17:24

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի անկումը պատկերացնելն իսկ ծանր է, էլ ուր մնաց դրա ականատեսը լինելը՝ սեփական անօգնականության գիտակցմամբ․․․
Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում սառնասրտությունն ու զգոնությունը չկորցնելը հրամայական է։
Այս առումով, կարծում եմ, որ հանրային համախմբում է անհրաժեշտ առնվազն հետևյալ երեք օրակարգային հարցերի շուրջ․
1․ Արցախի անկումը ամենևին չի նշանակում, որ մենք պետք է անհաղորդ կերպով ականատես լինենք, թե ինչպես է հայաթափվում Արցախը, կամ «ասսիմիլացվում» Արցախի հայ բնակչությունը։ Անհրաժեշտ է «Անջատում՝ հանուն փրկության» կամ «Ճանաչում՝ հանուն փրկության» բանաձևերից որևէ մեկի ներքո (մասնագիտական խորը քննարկում է պահանջվում այս երկու բանաձևերի միջև ընտրություն կատարելու համար) համախմբել մեր բոլոր ռեսուրսները միջազգային հանրության, բարեկամ երկրների և որոշում կայացնող բևեռների հետ համապատասխան աշխատանք կատարելու համար։
2. Սյունիքի միջանցքը անթույլատրելիությունը պետք է դառնա միջազգային հանրության, բարեկամ երկրների և որոշում կայացնող բևեռների հետ հստակ ձևակերպված «կարմիր գիծ», ընդ որում, այն երկիրը կամ բևեռը, որը չի կիսում Սյունիքի միջանցքի անթույլատրելիության մեր դիրքորոշումը, չպետք է համարվի որպես բարեկամ երկիր (բևեռ)։
3. Անխուսափելի է Արցախի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ներգաղթը դեպի Հայաստան։ Այս առումով հսկայական կազմակերպչական աշխատանք կա կատարելու բնակեցման, կենցաղային, հոգեբանական և այլ անհրաժեշտ օգնություն տրամադրելու անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու համար։
Ակնհայտ է, որ այս երեք օրակարգային խնդիրները ձևակերպելու ու դրանց շուրջ համազգային համախմբում ապահովելու գործում առաջնորդողի գործառույթը պետական կառավարման համակարգինն է՝ քաղաքական իշխանության գործուն դերակատարմամբ։
Եթե ներկայիս քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ ստանձնել առաջնորդողի՝ իր սահմանադրական դերը, ապա պարզից էլ պարզ է, որ այդպիսի իշխանությունը պետք է հեռանա։
Առնվազն վերոհիշյալ երեք օրակարգային խնդիրները կարգավորելու նպատակով պետք է ձևավորել ազգային համաձայնության կոլեգիալ մարմին, որում ոչ բարեկամ երկրների հետ համագործակցող քաղաքական ուժերի և դեմքերի մասնակցությունը պետք է բացառվի»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան