Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր բան պետք է ասեմ, նույնիսկ այն աստիճան, որ ներքնապես քննարկում էի, ասե՞լ, թե՞ չասել: Բայց զգալի տատանումից հետո, այնուամենայնիվ, կասեմ… Ի վերջո, լսեցի ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ: Վերջին օրերին այս կապակցությամբ շատ աղմուկ եղավ, դժգոհ էին և´ իշխանական, և´ ընդդիմադիր կողմերն ու դրա համար կային իրենց պատճառները, բայց, ըստ իս, էականը դա չէ: Ըստ իս, ողջ այդ հարցազրույցի մեջ ԿԱՐԵՎՈՐՆ ՈՒ ԷԱԿԱՆՆ ԱՅԼ ԲԱՆ ԷՐ: Իրոք, արդյունքում մենք հստակորեն տեսանք, որ, ինչպես երևաց նաև Հայաստանի Հանրապետության պարագայում 2020 թ-ի պատերազմի արդյունքներով, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԵՂԵԼ ԿԱՅԱՑԱԾ: Փաստորեն եղել է պետական համակարգի միայն արտաքին պատյանը, որն իրականացրել է պարզագույն կառավարում, ինչպես նաև ոմանց համար հանդիսացել է նյութական բարեկեցության ապահովման միջոց, իսկ իրական կայացվածություն ՉԻ ԵՂԵԼ և ճգնաժամային իրավիճակում ամեն ինչ ուղղակի կաթվածահար է եղել ու փլուզվել է: Ըստ իս, հենց այս ուղղությամբ պետք է մտածել և հենց այս ուղղությամբ է պետք լրջագույն քայլեր անել, թեև ես բնականաբար լրջորեն կասկածում եմ, որ այդ քայլերը կարվեն, քանի որ չկա ասածիս նույնիսկ գիտակցումը: Կրկնեմ՝ պետք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՆԵԼ և այդ ուղղությամբ քայլերը պետք է անպատճառ արվեն: Հակառակ պարագայում ապագա ճգնաժամային նման իրավիճակներում կունենանք «Նիկոլ 2» կամ «Շահրամանյան 2», որոնք հետագայում ուղղակի ինտերվյուներ կտան և, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԱՐԵՐԻ ՎՐԱ ԽԱՂԱԼՈՎ, կարդարանան, թե իրենց «հիմնական խնդիրը եղել է մարդկանց կյանքեր փրկելը»: Ոչ, պարոնայք, թույլ տվեք ասել՝ ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ՝ ՈՉ: Մարդկային կյանքերը փրկելն, իհարկե, առաջնային է և մարդկային առումով դա ոչ միայն ընկալելի է, այլև՝ հասկանալի: Իրոք, հիմա եթե դուրս գանք փողոց և առաջին պատահած 10 հոգուն այս իրավիճակը նկարագրենք, հարցվածներից 9 հոգին վստահորեն կասի, թե առաջնայինը, այո, մարդկային կյանքեր փրկելն էր: Սա, սակայն, մարդու, ԲԱՅՑ ՈՉ հեռանկարներ տեսնող ու կազմակերպող պետական գործչի մոտեցում կլինի, այսինքն, պետական առումով սա օգտակար չի լինի և նույնիսկ վնասակար կլինի: Եվ այսպես, մարդկային կյանքերը փրկելն, իհարկե, մարդկայնորեն ընկալելի է, բայց պետական բուրգի ղեկավարի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ոչ թե էվակուացիա կազմակերպելն ու մարդկային կյանքեր փրկելն է, այլ՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆԵԼԸ, որպեսզի պետությունը դիմադրի, շարունակի իր գոյությունն ու հային հնարավորություն տա ապրել իր պատմական Հայրենիքում: Պետական գործիչը պետք է հենց այս ուղղությամբ մտածի, ինչքան էլ դա ոչ պոպուլյար լինի: Պետական գործիչը պետք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՆԻ և ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՍՏԵՂԾԻ: Սա է պետական գործիչի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ, այլ ոչ թե մարդկայնորեն միշտ էլ ընկալելի արդարացումներ բերելը, թե… հաջող էվակուացիա արեցի՝ դրանով հասարակության մոտ ընկալելի դառնալով ու արդարանալով, սակայն տապալելով պետական գործունեությունը: ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՎԻ, պարոնայք և տիկնայք, որպես հիմնական խնդիր պետք է պետություն կայացվի: Հակառակ պարագայում, կներեք, բայց ողջ պետական համակարգն ի վերջո կվերածվի ընդամենը ԷՎԱԿՈՒԱՑԻԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂԻ, իսկ հետո էլ այդ ամենին հավերժական ու մարդկայնորեն ընկալելի արդարացումներ կբերվեն, թե բա՝ մարդկային կյանքեր են փրկվել: Է փրկվեցին մարդկային կյանքեր, պարոնայք և տիկնայք, իսկ ո՞ւր է իմ պետության մի մասն ու ինչո՞ւ ձեր ղեկավարած պետական համակարգերը չգործեցին, չէ՞ որ ի վերջո նույնիսկ նույն այդ էվակուացիան եղավ ընդամենը միայն թշնամու բարեհաճության շնորհիվ, որը միջազգային հանրության աչքի առաջ ուղղակի չուզեցավ «ՊԱՏԿԵՐ ՓՉԱՑՆԵԼ»: Չուզենա՞ր թշնամին, դուք դա էլ չէիք կարողանա անել: Չգիտեմ… ԾԱՆՐ ԽՈՀԵՐՈՎ ՊԱՏՎԵՑԻ երկուշաբթի առավոտյան, ծանր խոհեր ինձ հյուր եկան, քանզի հերթական անգամ, կարծես, մի շառաչյուն ապտակ երեսիս, տեսա ու զգացի, որ 32 տարի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ, իսկ Արցախի Հանրապետություն կոչվածն էլ ՀՀ չկայացված պետական համակարգի ընդամենը միայն անհաջող ու ավելի անորակ արտապատկերն է եղել: ԳԻՏԵԻ, ՎԱՂՈՒՑ ԷԻ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ԱՅԴՊԵՍ Է, իսկ 2020 թ-ից հետո էլ նաև գործնականում համոզվեցի, բայց... Ծանր էր, հերթական անգամ պետականաշինական չկայացվածության ապտակն ուտելն իրոք ծանր էր… Հուսով եմ, խոսքերս ճիշտ ընկալվեցին»: