Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բերդի տարածաշրջանի ամրաշինական համակարգի պատմությունից». Տիգրան Ալեքսանյան

«Բերդի տարածաշրջանի ամրաշինական համակարգի պատմությունից». Տիգրան Ալեքսանյան
183
Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 22:48

Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերդի տարածաշրջանի ամրաշինական համակարգի պատմությունից
Ավատատիրական կարգերի հաստատումից հետո, Հայաստանում ձևավորվեցին առանձին շրջանների պաշտպանությունն իրականացնող ռազմականացված հենակետերի համակարգեր: Դրանք բաղկացած էին կենտրոնական կամ գլխավոր ամրոցից և նրա շուրջը ստեղծված ավելի փոքր՝ արբանյակ բերդերից: Պաշտպանական համակարգի առանցքը հանդիսացող գլխավոր ամրոցը հանդիսանում էր իշխանության կենտրոնը, իշխանի հիմնական նստոցը: Բնականաբար, այն լինում էր ավելի մեծ, որտեղ տեղակայվում էր նաև մշտական կայազորը, և իր ռազմական կարողությամբ պատրաստ էր ետ մղել թշնամու հարձակումները: Մյուս բերդերը համեմատաբար փոքր էին, որոշ դեպքերում՝ սոսկ ամրակայված և ռազմականացված դիտակետեր: Դրանք տեղակայվում էին կենտրոնական ամրոցից ոչ հեռու, խնդիր ունեին տեղեկացնել թշնամու մոտալուտ վտանգի մասին և իրենց վրա վերցնելով հակառակորդի առաջին հարվածները՝ հնարավորինս կանգնեցնել նրա առաջխաղացումը: Բերդի տարածաշրջանի ամրությունների դեպքում դրանցից էին՝ Տավուշ ամրոցի համար Կածարեթ, Մածնաբերդի (Աղջկաբերդ) համար՝ Երգեվանք բերդերը: Վերջինիս համար այդ երևույթը պատկերավոր նկարագրել է բանահավաք Ի. Չանգլյանը. «Խորանաշատից թշնամու մուտքը հայտնել են Երգեվանք, այստեղից՝ Էրիձորի մոտ՝ Խզնի քարին, սրանք՝ Աղջկաբերդին, այստեղից՝ Մանուկի բերդին, սրանք էլ՝ Փառիսոս և այլն»:
Լուսանկարում՝ Խորանաշատի վանքը Երգեվանքի բերդից և Տավուշ ամրոցը Կածարեթ բերդից»: