«Երաշխիք չկա, որ փաստաթղթի ստորագրումը բերելու է խաղաղություն». Թաթուլ Հակոբյան
222
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 10:24
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի նաև այս տարի, ապա Հայաստանի շուրջ անվտանգային սպառնալիքները չեն նվազելու: Ռուսաստանը, ենթարկվելով արևմտյան պատժամիջոցներին, ստիպված է լինելու խորացնել գործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով անտեսել Հայաստանը և Հայաստանի հաշվին սակարկել Անկարայի և Բաքվի հետ, ինչն արել է 2020-ին և հատկապես Ուկրաինա ներխուժումից հետո: Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի ձեռքով, սուվերեն ճանապարհ պոկելու ռուսական սպառնալիքը չի նվազելու: Իր հերթին, Ադրբեջանը Հայաստանի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը կարող է նաև ձգձգել անկլավների հարցը տաք պահելով: Մինչև ապրիլ-մայիս հավանաբար մենք կունենանք խաղաղ ժամանակահատված, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրումը մինչև ապրիլ քիչ հավանական է, դրանից հետո՝ պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք, Մոսկվա-Անկարա և Մոսկվա-Բաքու զարգացումներով, նոր պատերազմի սպառնալիքը միշտ առկա է լինելու: Հայաստան-Ադրբեջան որևէ պայմանագիր, անունը լինի խաղաղության, հաշտության կամ այլ սիրուն բառով, չի գործելու: Անշուշտ, երկկողմ փաստաթղթի ստորագրումը կարող է նվազեցնել լարվածությունը, բայց երաշխիք չկա, որ փաստաթղթի ստորագրումը բերելու է խաղաղություն, ինչպես չբերեց 2020-ի նոյեմբերի 9-ը և դրան հաջորդած մի շարք հայտարարություններ՝ լինեն պայմանավորված Ռուսաստանում կամ Արևմուտքում: Համեմատաբար այս խաղաղ ժամանակահատվածը Հայաստանը պետք է զբաղվի հետևյալ հարցրերով. ա/ շարունակել ռազմական հավասարակշռությանն ուղղված քայլերը, առաջին հերթին՝ սպառազինությունների ձեռք բերումը և տեղական արտադրության ընդլայնումը, բ/ Մոսկվայի հետ պահել երկխոսության ոգին, ինչքան էլ Հայաստանից և Ռուսաստանից շարունակվեն դրանք թունավորվել, այդ թվում՝ Զախարովայի ու Լավրովի մակարդակներում, գ/ Թուրքիայի հետ շարունակել ուղիղ շփումների փորձերը, եթե անգամ դրանք պարբերաբար մտնեն փակուղի, ինչպես այսօր է, դ/ ներգրավված մնալ եվրոպական ձևաչափերում, ե/ Իրանի հետ Սյունիքում իրականացնել տնտեսական ծրագրեր: Հայաստանը շարունակելու է մնալ խոցելի, քանի դեռ մենք չեն կարողացել հետ գնել վաճառված անվտանգությունը, անկախությունը և ինքնիշխանությունը: Անշուշտ, միշտ արդիական է լինելու երկու այլ մարտահրավեր. ա/ ՀՀ գործող իշխանությունների տապալումը և նոր Հայհեղկոմի մուտքը Հայաստան, բ/ Հայաստանի «փրկությունը» նոր ԽՍՀՄ-ի կազմում: Եւ, իրավամբ, ինչպես 1920-ի վերջերին, այնպես էլ այսօր, հայ ժողովրդի մի ստվար հատվածի համար հյուսիսային փրկությունը կարող է լինել չարյաց փոքրագույնը»: