«Ադրբեջանին հպատակվելը չփրկեց ագուլիսցիների կյանքը». պատմաբան
274
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 23:48
Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ Ներքին և Վերին Ագուլիսների հայերն ընդունել էին Ադրբեջանի իշխանությունը և ապրում էին իբրև հպատակներ՝ կրելով Գողթանի մյուս գյուղերի հայ բնակչության նախատինքը՝ իբրև թուլամորթների և ստրուկների: Բայց Ադրբեջանին հպատակվելը չփրկեց ագուլիսցիների կյանքը: Նրանք, 1919թ. վերջին լիովին շրջափակվելով, մատնվել էին սովի, և արդեն անխուսափելի էր նրանց կործանումը: 1919-ի դեկտեմբերի 19-ին Օրդուբադի և շրջակա գյուղերի թուրքերը մտան Ներքին Ագուլիս և սկսեցին կոտորածը: Վայրենի խրախճանքին զոհ գնաց 400 հայ: Բնակչության մի փոքր մասը խուճապահար կարողացավ փախչել և ապաստանել Վերին Ագուլիսում: Ներքին Ագուլիսը մինչև վերջին թելը կողոպտվեց: Այդ օրերին Վերին Ագուլիս եկած թուրք սպա Էդիֆ բեյը հայերին հավատացրեց, որ պատահածը մի թյուրիմացություն էր, ուստի ոչ ոք թող երկյուղ չունենա: Հայտարարելով, թե թուրքերը միայն իր դիակի վրայով կմտնեն գյուղ՝ նա մեկնեց Օրդուբադ: Կուրորեն հավատալով Էդիֆ բեյի խոսքերին՝ ագուլիսցիները ո՛չ գաղթեցին հարևան Ցղնա գյուղ, ո՛չ էլ օգնություն խնդրեցին Նժդեհի Գողթանի զորամասից: Ավելին, երբ զորամասի հրամանատար Ղազար Քոչարյանը Ներքին Ագուլիսի ջարդից հետո քանիցս դիմեց Վերին Ագուլիսի բնակիչներին, որ թույլ տան գիշերով 200 զինվոր մտցնել գյուղ՝ պաշտպանելու բնակիչներին և բազա ստեղծելու Օրդուբադի դեմ գործողություններ սկսելու համար, պատասխանը եղավ. «Դուք մեզ հետ գործ չունեք, մենք թուրքերի հետ ապրում ենք հաշտ ու խաղաղ: Մեր սիրելի Էդիֆը խոստացել է մեզ պաշտպանել՝ ինչ գնով էլ լինի»: Դեկտեմբերի 23-ին ագուլիսցիները տեղեկացան, որ թուրքերը պատրաստվում են շարժվել իրենց գյուղի վրա, թեև այնտեղ կային Ադրբեջանի ոստիկաններ: Հայերը դիմեցին Օրդուբադում նստող գավառապետ Աբասկուլի բեկ Թաիրովի և այնտեղ գտնվող Էդիֆ բեյի օգնությանը: Վերջինս Օրդուբադից եկավ Վերին Ագուլիս, արժանացավ փառահեղ հյուրասիրության ու նորից հանգստացրեց ագուլիսցիներին: Դեկտեմբերի 24-ին շրջակա գյուղերի թուրք հրոսակախմբերը շրջապատեցին Ագուլիսը՝ սպասելով հրամանի: Գյուղի մեծերը նորից դիմեցին Օրդուբադ, և այս անգամ գյուղ եկավ Աբասկուլի բեկը՝ մի քանի շեյխերով: Նրանք իջան Էդիֆ բեյի մոտ: Տեղի ունեցավ խորհրդակցություն: Հաջորդ օրը Աբասկուլի բեկը վերադարձավ Օրդուբադ: Նա հեռացավ թե չէ, թուրք հրոսակախմբերը և նրանց միացած ասկյարները խուժեցին Ագուլիս և սկսվեց սոսկալի կոտորածը: Երկու օր շարունակ սրախողխող էին արվում մարդիկ, բռնաբարվում էին կանայք ու աղջիկները, կողոպտվում ու ավերվում էր շեն գյուղը: Գեղեցիկ հարսներն ու աղջիկները առանձնացվում էին և ուղարկվում հարեմներ: Գեղեցիկ օրիորդները՝ որպես նվեր, բաժանվում էին սպաներին: Ունևոր Փանյանի 16-ամյա աղջկան նվիրաբերում են Էդիֆ բեյին: Այսպիսով՝ երկու Ագուլիսներում տանջանքներով մեռավ 1400 հոգի, իսկ գյուղերը դադարեցին գոյություն ունենալուց: *Աղբյուրը՝ Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ.»: