Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ժողովրդին ՊԵՏԱԿԱՆ դարձնողը միտքն է, հիշողությունն է, սեփական արժանապատվության զգացումն է». Տարոն Սիմոնյան

«Ժողովրդին ՊԵՏԱԿԱՆ դարձնողը միտքն է, հիշողությունն է, սեփական արժանապատվության զգացումն է». Տարոն Սիմոնյան
235
Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 01:18

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Գիտնական լինելը պարտադիր չէ մի փոքր ուշադիր լինելու համար։
Իսկ մի փոքր ուշադիր լինելու դեպքում, հստակ է դառնում, որ յուրաքանչյուր համակարգ՝ սկսած մոլեկուլյար համակարգից (օրինակ՝ ԴՆԹ) մինչև մարդկային համակեցության համակարգ (օրինակ՝ պետություն) պետք է ունենա ինչ֊որ մի դասավորվածություն, կառուցվածք, առանցք, ուղեծիր, նպատակ, ինչը նրան ոչ միայն օգնում է միասնական պահել այդ նույն համակարգն (ինքն իրեն), այլ նաև փոխանցել տեղեկատվություն սեփականի մասին, այլ խոսքերով՝ կապել սեփական անցյալը սեփական ապագայի հետ։
Եթե ավելի պարզ, յուրաքանչյուր համակարգ ձգտում է պահպանել ինքն իրեն։
Դրա համար, օրինակ, մեր բջիջները վերարտադրվում են՝ ԴՆԹ-ի «կոդավորման» շնորհիվ պահպանելով իրենց մասին տեղեկատվությունը յուրաքաչյուր հաջորդ բջիջում, և մենք, չնայած պարբերաբար նորացմանը, մնում ենք նույն օրգանիզմը՝ մարդը։ Սա բնության և հետևաբար նաև՝ մարդկային օրինաչափություն է։
Նույնն է նաև ազգի և պետականության պարագայում։
Խնդիրն այն է, որ այս կարևոր ԲՆԱԿԱՆ խնդիրը լուծելու համար համակարգը (օրգանիզմն ու պետությունը) ստիպված է սպառել էներգիա, իսկ այդ էներգիան ստացվում է մեկ այլ համակարգի սպառման արդյունքում (մեկ օրգանիզմ ուտում է մեկ այլ օրգանիզմի, պետությունը նվաճում է մեկ այլ պետության տարածք, բնակչություն և այլն)։
Մի քիչ գիտական տերմինով ասած՝ դրական էնտրոպիան աճում է բացասական էնտրոպիայի հաշվին՝ մեծացնելով համընդհանուր դրական էնտրոպիան (թերմոդինամիկայի 2-րդ օրենք)։ Աշխարհում ամեն ինչ կարգից գնում է դեպի աճող քաոս, ընթացքում կարգի առանձին դրսևորումներ փորձում են առավելագույնս երկար պահպանել իրենց համակարգը։
ԱՆԲՆԱԿԱՆՆ այն է, երբ համակարգը (օրգանիզմ և պետություն) որոշում է, որ պետք է ինքն իրենից հրաժարվի, ինքն իրեն սպառի, ինքն իրեն ոչնչացնի, ինքն իր կարգը քաոսի վերածի, ինքն իր ԴՆԹ֊ն քանդի, ինքն իր ծնունդը, հռչակագիրն ու սահմանադրությունը խեղի, գիշատիչ գազանների երախի մոտ ինքն իրենից ուտեստ պատրաստի, որպեսզի ոմանք իրենք իրենց արդարացնեն պատմության, սեփական խմբակի կամ միգուցե՝ կոնկրետ անձի առջև և իրենց հերթական պատեհապաշտ իռացիոնալիզմը փաթաթեն մի ամբողջ համակարգի (օրգանիզմ և պետություն) վզին՝ բարձր խոսելով, թե պետական ժողովուրդ ենք ուզում, եղածը պետական չէ, նրա սահմանադրությունն էլ գայլերի սրտով չի։
Մինչդեռ ժողովրդին ՊԵՏԱԿԱՆ դարձնողը միտքն է, հիշողությունն է, ռացիոնալն է, ողջախոհն է, գիտելիքն է և ի վերջո՝ սեփական արժանապատվության զգացումն է, իսկ հակառակը միշտ քաոսն է կամ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի հետևանքը, ասել է թե՝ սկուտեղի վրա սեփական օրգանիզմը՝ որպես ուտեստ դիմացինիդ հրամցնելը՝ հուսալով, որ քեզ վերջում են ուտելու»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան