«ԱՀ-ը ժամանակավորապես ոչնչացվեց, հիմա հերթը ՀՀ-ինն է»․ Սերգեյ Մելքոնյան
239
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 23:48
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին Այսօր Հայաստանի պետական ապարատը պատրաստվում է Ադրբեջանի պահանջով փոփոխել Սահմանադրությունը, ինչպես երեկ խոստովանեց Փաշինյանը: Պետք է ուշադրություն դարձնել հետևյալին. 1. Հայաստանի Երրորդ Հանրապետության իրավական հիմքը Անկախության հռչակագիրն է, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստվում են զրոյացնել, և Սահմանադրությունը, որը նախատեսում են փոխել: Այսպիսով, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Նրա փոխարեն կհայտնվի նոր «միավորում»։ 2. Սահմանադրության փոփոխությունը և Անկախության հռչակագրի զրոյացումը ոչնչացնում են պետական ինքնությունը։ Հիշեցնեմ, որ այն ձևավորվել է Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և միացման գաղափարի հիման վրա։ Հենց սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն այդ փոփոխությունների արդյունքում իր տարածքում կստեղծվի հակահայաստան։ Նրա հիմնական նարատիվը կառուցվելու է ամբողջ պատմության հակադրության վրա։ Դրա օրինակն է Արարատը որպես ազգային խորհրդանիշ մերժելը, պատմության դասագրքերի վերաշարադրումը և այլն։ 3. Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի համաձայն Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունը սպառնալիք է ինքնիշխանությանը։ Ադրբեջանն արդեն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ օկուպացիայի տակ պահելով ավելի քան 220 քառ. կմ.։ Այժմ վտանգված է երկրի ինքնիշխանությունը։ Նման գործընթացին ցանկացած մեղսակցություն միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն է։ • Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հակասում է Սահմանադրությանը, ուստի հանցագործություն է: • Սահմանադրության փոփոխությունն այն տեսքով, որով առաջարկվում է, և Անկախության հռչակագրի զրոյացումը Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման ակտ է, ինչը նույնպես հանցագործություն է: • Հանրապետության նախագահը, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը, համաձայն 123-րդ հոդվածի, անտեսում է խախտումը: Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես ոչնչացվեց։ Հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է»։