Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կնոջ հանդեպ չեզոք զգացումը մեղք է, եթե նրան չես սիրում, պիտի ատես». Մհեր Արշակյանի էսսեն

«Կնոջ հանդեպ չեզոք զգացումը մեղք է, եթե նրան չես սիրում, պիտի ատես». Մհեր Արշակյանի էսսեն
226
Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 19:06

Գրող Մհեր Արշակյանը հրապարակել է էսսե կնոջ մասին. «ԷՍՍԵ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
Երբ Աստված ուզում է խոստովանել իր սխալականությունը, ստեղծում է կնոջը:
Կինն իր մասին ճշմարտության կեսն է: Միշտ:
Ոչ մի տղամարդ չի երազում կին լինել: Եվ ահա թե ինչու:
Կինը մուսա է բոլոր դեպքերում: Եվ որպես հրեշտակ, և որպես հրեշ: Տղամարդը չի ուզում լինել ոչ հրեշտակ, ոչ էլ հրեշ: Չի էլ կարող:
Կնոջ հանդեպ չեզոք զգացումը մեղք է, եթե նրան չես սիրում, պիտի ատես:
Եվ բնավ էական չէ, թե ով է կինը, երբ կա: Շատ ավելի էական է, թե ով է կինը, երբ չկա:
Պոետների մի գլխավոր սարսափ ունեն՝ ամուսնանալ այն կնոջ հետ, որին սիրում են...
Կնոջ բնավորությունը իր սիրո մեջ չէ: Իր սիրո մեջ միայն Քեզ վերաբերվող կնոջ բնավորությունն է:
Կնոջը պետք է սիրել այնպես, որ աշխարհն իրեն ավելորդ չզգա:
Դու կարող ես երազել կնոջ մասին: Բայց քո երազանքների ճանապարհին կանգնած է կինը:
Տղամարդն ուզում է լինել կնոջ առաջին սերն ու վերջին խենթությունը...
Հարցրու կնոջը, թե ով է քո տղամարդը: Եթե նույնիսկ այդ տղամարդը չկա, նա կասի:
Մինչդեռ տղամարդ լինելը նվեր չէ. ի վերջո ամուսնանում ես: Կամ՝ զոհվում...
Տղամարդը երբեք չի հասկանա կնոջը: Ուղղակի նա ընտրում է մեկին, որին հաճույքով չի հասկանա:
Սիրով կինը հանգում է մի հետևության, որում համոզվելու համար տղամարդուն պետք է ևս մեկ կին:
Կնոջը բոլոր սերերից մեկն է պետք, որովհետև, ի տարբերություն տղամարդու, նա մեծանում է...
Տղամարդը ամբողջ հոգով է տալիս, կինը՝ ամբողջ հոգին:
Ե՞րբ է կինը դառնում նվիրական՝ երբ տղամարդը նրան կպատմի իր բոլոր նախկինների մասին, բայց նրա մասին չի պատմի ոչ մի հաջորդի:
Առանց կնոջ նույնիսկ կինն ընդունակ չէ սիրել ինքն իրեն:
Չկա մի սեր, որը չվերաբերվի որևէ կնոջ, մինչդեռ սերեր կան, որոնք տղամարդուն չեն վերաբերվում:
Կինը պարտվում է յուրաքանչյուր տղամարդու մեջ առանձին վերցրած, տղամարդը պարտվում է բոլոր կանանց մեջ միասին:
Կինը երբեք չի խաղաղվում նրա գրկում, որի հետ կռվելու լեզուն չգիտի:
Տղամարդուն ծերացնում է կյանքը: Կնոջը ծերացնում է տղամարդը, որի մեջ կյանք չկա:
Կինը հրացանի պես բան է, որևէ գործողությունում անպայման կրակում է»:

Աղբյուրը`   Մհեր Արշակյան