Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իսկ ո՞րն է «պատմական Հայաստանը»». Հակոբ Բադալյան

«Իսկ ո՞րն է «պատմական Հայաստանը»». Հակոբ Բադալյան
182
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 02:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Երբ ծավալվում է խոսակցություն «իրական» եւ «պատմական» Հայաստանների մասին, «պատմական Հայաստան» եզրը հաճախ ընկալվում է «հետ տվեք մեր հողերը» կամ «Ստամբուլն արյան ծով», կամ համանման այլ տրամաբանությամբ: Ըստ այդմ արդարացիորեն առաջանում է այդ տրամաբանության հանդեպ թե՝ մեղմ ասած թերահավատության, թե դրա հանդեպ անգամ վտանգավորության զգացում:
Առնվազն հենց այդ պատճառով է, որ անցանկալի ու վտանգավոր է ընդհանրապես այդպիսի խոսույթ բացելը, «իրական» ու «պատմական» Հայաստանների հակադրություն ստեղծելը:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե՝ իսկ ո՞րն է «պատմական Հայաստանը»: Ինչ խոսք, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ՝ տասնամյակներ գոյություն ունեցած պատճառներից ելնելով է, որ «պատմական Հայաստան» եզրը զգալիորեն արժանանում է վերը նշածս ընկալումներին: Բայց, եթե «զատենք» ու «ֆիլտրենք» ձեւակերպումը, ի՞նչ հասկացություն, ի՞նչ կատեգորիա է մնում դրա տակ:
Դրա տակ մնում են այն իրավա-քաղաքական, դավանա-քաղաքական ասպեկտները, որ պատմության ընթացքում, ընդհուպ միջազգային լեգիտիմ ճանաչում ունեցող պատմությամբ առնչվում են հայ ժողովրդին՝ իր կենսագործունեության բնօրրանում, որը պայմանականորեն կամ հարաբերականորեն արձանագրենք Մեծ Մերձավոր Արեւելք, համաշխարհային քաղաքականության առանցքային խառնարան:
Այդտեղ Հայաստանի պետական սահմանը կարող է լինել իքս ծավալի, բայց Հայաստանի անվտանգության միջավայրի ծավալը նվազագույնը այն ռեգիոնալ մասշտաբով է, որտեղ կենսագործել է «պատմական Հայաստանը»՝ պատմության տարբեր շրջափուլերում տարբեր ձեւաչափերով, միջազգային դերակատարների հետ իրավա-քաղաքական, դավանա-քաղաքական հարաբերությունների տարբեր փաստաթղթային «քեյսով»:
Եթե այդ «քեյսը» դրոշի կամ թրի նման ճոճելը մի ծայրահեղություն է, ապա դրա գոյությունը մերժելը, դրա առկայությունը Հայաստանի գոյություն ունեցող հանրապետության վտանգ հռչակելը, դրանից՝ ընդհուպ գիտակցական, ենթագիտակցական մակարդակում այն չեզոքացնելու խնդրի բարձրաձայնելը մյուս ծայրահեղությունն է: Ու դեռ մեծ հարց է, թե որ ծայրահեղությունն է ավելի վտանգավոր»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան