Լատվիայում արցախյան գորգերը ներկայացվել են` որպես ադրբեջանական
![]() 252 Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 00:48 Monument Watch-ը ահազանգում է․ «Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Այս անգամ ադրբեջանական պրոպագանդան կենտրոնացել է Մերձբալթյան տարածաշրջանում՝ Լատվիայում, որտեղ արցախյան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանությամբ՝ ներկայացվում են՝ որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ։ Խոսքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» վերջերս՝ 2024 թվականի մայիսի 16-ին բացված՝ «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։ Իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված ադրբեջանական գորգերի ցուցահանդեսում ներկայացված են «Ազերխալչա» ընկերության գորգերը։ Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյունիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը (Ջրաբերդ - Բերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ աշխ-ի, Ջրաբերդ գավառում։ Հիշատակվում է 6-7դդ․ դեպքերի առնչությամբ։ Գոյություն է ունեցել մինչև 19դ․ առաջին տասնամյակը (Hakobyan T., Melik-Bakhshyan St., Barsegyan H., Dictionary of Toponymy of Armenia and Adjacent Territories, vol. 4, Yerevan, 1998, p.417)։ Նշանավոր գորգագործական կենտրոններից է 16-17դդ․, որտեղ ծագել է «Ջրաբերդ» տիպի «Արծվագորգը»)։ «Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է (նկ. 1, 2)։ Լատվիայի ցուցադրության ձիավորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգը (նկ. 3) հիշեցնում է Շիրվանի ու Դաղստանի նմանատիպ գորգերը և համեմատական զուգահեռներ ունի Իրանի Qashgai քոչվոր ցեղախմբի գորգերի հետ (Jourdan Uwe, Persische Teppiche, Augsburg, 1995, s. 188-189)։ Ցուցահանդեսի բացման արարողությանը Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլնուր Սուլթանովն ընդգծելով Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի պատմական նշանակությունը, արցախյան տիպիկ զարդանախշերով գորգերը Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն է համարել՝ հիշեցնելով, որ ադրբեջանական գորգագործությունը, 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խոսքն այն նույն ցանկի մասին է, որում ընդգրկված «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը»՝ հայկական նմուշների իսպառ ոչնչացման գործին է լծված հենց Ադրբեջանը, ոչնչացնելով արցախյան բազմաթիվ պատամական ու ժամանակակից խաչքարեր։ Վերադառնալով ցուցահանդեսին, հարկ է նշել, որ դրա հիմնական ցուցանմուշները Ադրբեջանի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուներիի ստեղծումը ուղղորդված է, մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։ Էլ ավելի վտանգավոր է այն, որ ցուցահանդեսը նաև կրթական ծրագրերի միջոցով հայկական ջնջելու միտում ունի, որի ապացույցը մայիսի 29-ին նույն թանգարանի ցուցադրության տարածքում տեղի է ունեցած գիտական լսումներ և դասախոսւթյուններն են , որի ընթացքում Տիկին Վիյա Բուշան, ով Ադրբեջանում Լատվիայի դեսպանության խորհրդական է, (Ms. Vija Buša- The current Deputy Head of Mission at the Embassy of Latvia in Azerbaijan), կարդացել է դասախոսություն՝ ներկայացնելով Շուշին որպես Ադրբեջանի դարավոր մշակութային մայրաքաղաք։ Դասախոսության առանցքում է եղել նաև լատվիացի նկարիչ և ազգագրագետ Յուլիա Շտրաումեի գործունեության վերաբերյալ հետազոտության ներկայացումը: Հարկ է նշել, որ Տիկին Բուշայի գործունեությունը չի սահմանափակվում այս ցուցահանդեսի կազմակերպման դիվանագիտական խորհրդատվությամբ, այլ ընդգրկում է Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրին աջակցությունը և այն որպես ադրբեջանական ներկայացնելը։ Հարկ է նշել, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանը պետական ուղղորդված քաղաքականություն է տանում՝ մի կողմից Շուշիում կազմակերպելով իսլամական զանազան համաժողովներ՝ քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու համար, իսկ մյուս կողմից ոչնչացնում է եղածը։ Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ստորև բերված մի քանի օրինակներն առավել կմանրամասնեն բերված պնդումները։ Այսպես՝ դեռևս 2021 թվականին Ադրբեջանը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Շուշին որպես ադրբեջանական քաղաք՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար, բացի այդ Բաքուն 2023 թվականին Շուշին հռչակել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ Մեր արձագանքը Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությւոնից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ, և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Եվ ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանց զրկել իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։ Լատվիայի գորգերի ցուցահանդեսը հայկական մշակութային ժառանգության քողարկված, բայց վտանգավոր յուրացում է։ Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30



