Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հարիսի կամ Թրամփի ընտրվելն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար»․ Նաիրի Հոխիկյան

«Հարիսի կամ Թրամփի ընտրվելն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար»․ Նաիրի Հոխիկյան
229
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 16:42

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ընտրում են երկրի 47-րդ նախագահին, որի համար պայքարում են դեմոկրատական կուսակցությունից՝ Քամալա Հարիսը, և Հանրապետական կուսակցությունից՝ Դոնալդ Թրամփը։

Քաղաքագետները, իհարկե, բազում կանխատեսումներ ու վերլուծություններ են անում, թեկնածուները հանդես են գալիս խոստումներով, երկրների ղեկավարներն ու դիվանագետները իրենց հաշվարկներն են անում որևէ մեկի ընտրվելու հետևանքների առումով։

Ի՞նչ կլինի մեզ համար։

Դեմոկրատ Քամալա Հարիսի ընտրվելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի արտաքին նվաճողական ագրեսիվ քաղաքականությունը և կփորձի ավելի մեծ ջրբաժան ստեղծել Եվրոպայի ու Ռուսաստանի միջև, կխորացնի հակասությունները Չինաստանի հետ, Մերձավոր Արևելքը՝ Իսրայելից մինչև Իրան կդարձնի նոր խոշոր հակամարտության վայր։ Բնականաբար, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը անկանխատեսելի մասշտաբների կհասնի, որը կարող է ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառման բերել։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումը այսպես կշարունակվի ու նորանոր տառապանքներ կբերի տարբեր ժողովուրդներին, այդ թվում՝ մեզ, Հայաստանին։ Դա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս իր արտադրած զենքի վաճառքից ստանալ անսահման մեծ փողեր։

Քամալա Հարիսի պարագայում թեպետ մակերեսային մակարդակում փոքր-ինչ լարված կմնան հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, բայց Թուրքիան և Ադրբեջանը նոր թափ կհաղորդեն Հայաստանի նկատմամբ ճնշումներին և սպառնալիքներին, մանավանդ որ հենց ԱՄՆ այսօրվա իշխանությունը՝ նույն Քամալա Հարիսի մասնակցությամբ, փաստացի կանաչ լույս վառեց Ադրբեջանի կողմից 2023-ին Արցախի նկատմամբ ահաբեկչական հարձակման ու Արցախի ամբողջական հայաթափման համար, ինչի նկատմամբ աչք փակեց նաև Ռուսաստանը։

Ի՞նչ կարող է լինել, եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։

Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնի է փողերը Ամերիկա տանելու իր քաղաքականությամբ։ Թրամփը կհրաժարվի Ուկրաինային օգնելուց, ինչը միանշանակ կհանգեցնի Կիևի ամբողջական կապիտուլյացիայի, Զելենսկիի ոչնչացման, իսկ Եվրոպան նորից ստիպված կլինի տնտեսական գործարքների գնալ Ռուսաստանի հետ։ Թրամփը ինքն էլ բիզնեսի կողմնակից է և Ռուսաստանի հետ բիզնես կանի նաև Ուկրաինայի մասնատման առումով՝ պայմանավորվելով, թե որ բաժինը ում է հասնում։ Նույնկերպ երկու գերտերությունները կպայմանավորվեն նաև Իրանի, Իսրայելի, Հայաստանի և այլ երկրների ճակատագրի առումով՝ բաժանելով ազդեցության գերակայությունները։

Հայաստանի պարագայում, օրինակ, Թրամփը բազմիցս հստակ է հասկացրել, որ մենք իրեն հետաքրքիր չենք, փոխարենը ԱՄՆ-ի համար հատուկ կարևորություն ունի Թուրքիան, հետևաբար Թրամփի ընտրվելու պարագայում Հայաստանը կլքվի ԱՄՆ-ի կողմից՝ բաժին հասնելով ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին, իսկ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մի քիչ սառը և լարված հարաբերությունները կրկին կտաքանան՝ բնականաբար սառեցնելով ռուս-թուրքական հարաբերությունները։

Անձամբ ես կարծում եմ, որ նոյեմբերի 5-ի քվեարկության արդյունքներով հենց Դոնալդ Թրամփն է դառնալու ԱՄՆ նախագահ, և 2025-ի հունվարի 20-ին նա երդմնակալության արարողությամբ կստանձնի նախագահի պաշտոնը։ Առաջին հայտարարություններից մեկը կլինի Ուկրաինայից հեռանալը, լքելը ուկրաինացիներին, ինչին կհետևի արդեն Ռուսաստանի կտրուկ հաջողությունների ալիքը Եվրասիական տարածաշրջանում։ Բնականաբար, ռուսական հաջորդ թիրախը դառնալու է նաև Հայաստանը՝ Նիկոլով ու նրա մերձավոր շրջապատով հանդերձ, իսկ Պուտինը չափազանց հիշաչար կայսր է։

Սա իմ կարծիքն է քաղաքական հայտարարությունների ու անցյալի փորձի վրա հիմնված։ Իրադարձությունները ավելի հստակ կդառնան ընդամենը 1-2 օր անց»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան