«Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին». Արտակ Զաքարյան
141
Այսօր, 01:24
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հաճախակի հնչեցվող թեզն այն էր, որ նրա ուղերձները միշտ պետք է ընդունել «լուրջ, բայց ոչ բառացիորեն»: Այս մոտեցման արձագանքները դեռևս զգացվում են բազմաթիվ վերլուծական նյութերում, որոնց հեղինակները Թրամփի ներկայիս հրամանագրերն ու հայտարարութուններն ընկալում են որպես «ցնցում»։ Կարծես ամբողջ արտաքին քաղաքականությունը հանգում է նրան, որ ազդանշանները տրվում են, սակայն ասվածը չի կատարվում։ Խնդրի մի մասն այն է, որ շատերը պարզապես չեն ցանկանում նախագահ Թրամփի գործողություններում հետևողականություն տեսնել: Այնուամենայնիվ, նրա դոկտրինն արդեն ի հայտ է գալիս, և դրա դրույթներն առավել հստակորեն ներմուծվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: ԱՄՆ-ի նոր Դոկտրինը կարծես թե ունի իր հստակ առանձնահատկություններն ու ուրվագծերը, և հանդիսանում է կոնֆլիկտների լուծման կոմպլեքս տեսություն։ Այն ներառում է քաղաքական, տնտեսական և ստրատեգիական գործարքներ՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, որտեղ ԱՄՆ-ն դեր է խաղում: Չկան հակամարտությունների պատմություն, լավի կամ վատի մասին գնահատականներ: Գործընթացը սկսվում է ԱՄՆ նախագահից, ում նպատակը պատերազմներին վերջ տալն է՝ պայմանով, որ այն որոշակի օգուտներ է բերելու Միացյալ Նահանգներին: ԱՄՆ-ի այդ պրագմատիկ մոտեցումը հանդիսանում է նախագահ Թրամփի դոկտրինի երկրորդ հատկանիշը։ Նա հետևում է առկա հակամարտությունների և դրանցում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության արդյունավետությանը։ Օրինակ, Գազայի պատերազմից հետո որոշակի օգուտ կա անշարժ գույքի տեսանկյունից: Ուկրաինան կարող է ԱՄՆ-ին առաջարկել հանքային ռեսուրսներ՝ ավելի, քան մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունն է։ Սա նման է ներդրումային մենեջմենթի, որի գլխավոր նպատակն է «ոչ եկամտաբեր ընկերությունների օպտիմալացումը»՝ շահույթ ստանալով նախկինում հատկացված միջոցներից: Նախագահ Թրամփի դոկտրինի երրորդ հատկանիշը ցանկացած տեսակի «փափուկ ուժի» մերժումն է։ Այն համարվում է թանկ, իսկ դրանց օգուտները՝ կասկածելի ու անորոշ: Մոտեցումն այն է, որ այլ երկրներն օգտվում են դրանից և պարզապես սնվում են ԱՄՆ-ի տրամադրած միջոցներից: Քանի դեռ ԱՄՆ-ի նոր վարչակազմի նոր մոտեցումները մեկնարկային փուլում են, կա տեսակետ, որ այդ առանձնահատկությունները կարող են ընթացքի հետ փոփոխվել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներով պայմանավորված։ Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հատկապես Եվրոպայում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ զրոյանում են ավանդական պատկերացումներն առ այն, թե ինչպե՞ս պետք է շարունակվի Միացյալ Նահանգների հետ կառուցված համագործակցությունը։ Եվրոպական երկրներն առայժմ հայտնվել են երկրորդ ջութակի դերում, որոնք, կամ պետք է հրաժարվեն Ռուսաստանին դիմակայելու իրենց քաղաքականությունից և միանան պատերազմները դադարեցնելուն ուղղված ԱՄՆ քաղաքականությանը, կամ իրենք պետք է ստանձնեն հետագա ռազմական գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը։ Նրանց տարակուսանքն ու «հանձնվելու» մասին հռետորաբանությունը պարզապես արձագանքն է այն ժամանակաշրջանի, երբ Արևմուտքում ընդունված էր, Ռուսաստանին՝ ընկալել որպես սպառնալիքի, և պետք էր դիմակայել նրան։ Սակայն նախագահ Թրամփը գործում է այլ արժեհամակարգում, որտեղ այդ հին հասկացությունները չեն կիրառվում կամ ստացել են բոլորովին այլ նշանակություն։ Մինչ եվրոպացիները «բարկացած են», Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում՝ միջնորդ ուժի նոր կենտրոններից մեկում, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու գործընթացում և կարծես թե պատրանքներ չունեն նոր ձևավորվող աշխարհի վերաբերյալ: Մերձավոր Արևելքը ևս պատրաստվում է նախագահ Թրամփի սահմանած նոր խաղի կանոններին և ակնկալում է իր օգուտները ստանալ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են այն երկրները, որոնց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կոշտ էին և հիմնված էին չոր շահերի, և ոչ թե ընդհանուր արժեքների վրա: Նրանք միշտ ստիպված են եղել, այս կամ այն չափով, գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, և այժմ նրանք կարծես հայտնվում են լավագույն վիճակում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մնացյալ աշխարհում»: