Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ»․ Հակոբ Բադալյան

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ»․ Հակոբ Բադալյան
179
Երեկ, 12:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Սա հատված է ՀՀ ԱԳՆ պատասխանից, որ տրվել է Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան: Իսկ հարցը վերաբերել է Ալիևի հայտարարությանը, որ մինչև 2024 թվականի հունվար Հայաստանը փորձել է Արցախի խնդիրը տեղավորել այսպես կոչված խաղաղության օրակարգում:

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը թերևս դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ հայտարարություն: Իհարկե, Երևանը պետք է ինչ որ արդարացում գտնի, թե ինչո՞ւ է տեղի տվել Ադրբեջանին և դուրս թողել Արցախի հարցը, կամ հրաժարվել Արցախի հարցից:

Բայց, արդարացումը, թե դրա պատճառը այն է, որ Արցախը հրաժարվել է երրորդ երկրներում Ադրբեջանի հետ բանակցելու հնարավորությունից, կամ Արցախի լուծարման հրամանագիրն է «փակել» հարցը, մեղմ ասած անարժանապատիվ է:

Պաշտոնական Երևանն ամենից լավ գիտե, որ Արցախը չի հրաժարվել Ադրբեջանի հետ այսպես ասած բանակցության երրորդ երկրների նախաձեռնությունից: Դրանից հրաժարվել է Ադրբեջանը, որը դրել է բանակցության մի պայման, այն պայմանը, որը դրել էր սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո:

Օրինակ, եթե որևէ մեկն ասի, որ այդ ագրեսիայից և զոհերից խուսափելու համար պետք էր գնալ ու պայմաններն ընդունել ավելի վաղ, ապա այդ դեպքում իհարկե դա լրիվ հասկանալի դիրքորոշում է: Որեւէ մեկը կարող է համաձայնել, կամ ոչ, բայց դա հասկանալի դիրքորոշում է: Բայց, ներեցեք, մանիպուլյատիվ է ասել, թե այդ այսպես ասած բանակցությամբ Արցախին տրվելու էր ավելին, մինչդեռ չհամաձայնելով՝ կորցրել են կամ հրաժարվել:

Պաշտոնական Երևանը սակայն, Արցախի հարցից հրաժարման գործընթացը սկսել է 2022 թվականի Պրահայից: Իհարկե, դա պարզ դարձավ հետո, որովհետև Պրահայի հանդիպումից հետո եղած հայտարարություններում այդպիսի ուղիղ արձանագրումներ չկային: Բայց, սկսվեց գործընթացը, իմ գնահատմամբ՝ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայով ահաբեկելու միջոցով:

Իսկ ռեինտեգրացիայի հարցը օրակարգ բերվելու է դրանից երկու շաբաթ առաջ, ինչպես մի քանի անգամ նշել եմ՝ Բրյուսելի հանդիպմանը՝ Միշել-Փաշինյան-Ալիև: Երևանն այն չի ընդունել: Երկու շաբաթ անց հաջորդել է գրոհը Ջերմուկի ուղղությամբ: Դրանից երեք շաբաթ անց Երևանը Պրահայում փաստորեն սկսել է Արցախի հարցից տարանջատվելու գործընթացը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան