«Գերադասում եք հլու կատարողներին, ու ձեզ բաժին են հասնում վատ կադրեր». Մհեր Հակոբյան
241
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 21:36
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն որերորդ շաբաթն է, որ, լսելով կառավարության նիստերը, հանդիպում եմ ՀՀ վարչապետի երկար և տխուր, կառավարության նիստի բնույթին ոչ հարիր, բոլորին ուղղված, իսկ արդյունքում անհասցե, մուննաթախառն ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ԲՈՂՈՔԻՆ առ այն, թե ամեն ինչ վատ է, մենք բոլորս վատն ենք, կադրեր չկան, ոչինչ չի ստացվել, չի ստացվում ու երևի չի էլ ստացվի: 2018-2019 թվականների ինքնավստահ և հպարտ լավատեսության ուղիղ հակառակ վիճակն է… ...Մտքումս պտտվում է համաշխարհային պատմության հաջող ռեֆորմատորների և համակարգաստեղծ անհատների բնականաբար ոչ լրիվ ցանկն, ի դեմս Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261), Թիգլաթպալասար III-ի (մ.թ.ա. 746-727), Կյուրոս II Մեծ-ի (մ.թ.ա. 559-530), Ֆիլիպ II-ի (մ.թ.ա. 359-336), Օկտավիանոս Օգոստոսի (մ.թ.ա. 27 - մ.թ. 14), Խոսրով I-ի (531-579), Հուստինիանոս I-ի (527-565), Ջաֆար ալ-Մանսուրի (754-775), Տուղրիլ-բեկի (1029-1063), Դավիթ I Շինարարի (1089-1125), Չինգիզ-խանի (1206-1227), Թամեռլանի (1370-1405), Մորից Օրանցու (1585-1625), Աբբաս I Մեծի (1588-1629), Օլիվեր Կրոմվելի (1643-1658), Պետրոս I Մեծի (1682-1725), Լազար Կարնոի (1791-1823) և Իոսիֆ Ստալինի (1922-1953): Հիշում եմ նաև Հայոց պատմության ռեֆորմատորներին և համակարգաստեղծներին, սկսած Արամ II Մեծից (մ.թ.ա. 883-840), Վաղարշակ I-ից (մ.թ.ա. 247-225) ու նրա թոռ Արտաշես I-ից (մ.թ.ա. 201-160), վերջացրած Աշոտ I Մեծով (855-884, 884-891՝ արքա), Լևոն I Մեծով (1187-1198, 1198-1219՝ արքա) և Դավիթ-բեկով (1722-1727): Հիշում եմ այս մարդկանց ու... «միտք եմ անում աշխարքի բանը»... ...Պարոն վարչապետ, հանրային խոսքումս մեկ անգամ չէ, որ ասել եմ, բայց նորից կրկնեմ՝ դուք իշխանության եկաք ԱՆՈՐԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՏՐԵԼՈՎ: Ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա՝ և համակարգն էր անորակ, և, դրան գումարած, դուք այն կոտրեցիք: Այս պայմաններում գործադիրի ղեկին կանգնելու հենց առաջին իսկ պահից պետք էր, թողած ամեն ինչ մի կողմ, վեր հանել խնդիրները, տալ դրանց գնահատական, ընտրել լավագույն կադրեր, ստեղծել գործուն համակարգ, կազմել ոլորտային բարեփոխումների համապարփակ ծրագիր և սկսել գործել: Սա պետք էր անել 2018 թ-ի մայիսի 10-ից սկսած՝ ՉՈՒՇԱՑՆԵԼՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԻՍԿ ՕՐ, ընդ որում ամենասկզբում կային այդ ամենն անելու ամենաառաջնակարգ հնարավորությունները: Մարդիկ ոգևորված էին, ռեսուրսները՝ բավարար, միջազգային աջակցությունն՝ առաջնակարգ, հասարակությունը՝ գործնականում միասնական… …Հիմա 2025 թ-ի ապրիլի 10-ն է, շուտով կսկսվի ձեր իշխանության ութերորդ տարին, սակայն դուք կառավարության նիստում դեռևս վեր եք հանում հարցեր և խոսում եք բաներից, որոնք պետք է քննարկվեին լավագույն դեպքում 2018 թ-ի մայիսին, եթե ոչ՝ ավելի առաջ, երբ դեռ իշխանության էիք գալիս: Վերևում թվարկածս այն ռեֆորմատորները և համակարգաստեղծ անհատները, պարոն վարչապետ, այդպես չեն վարվել, նրանք, ամեն ինչ թողած մի կողմ, առաջին իսկ պահից ՁԵՌՔ ԵՆ ԶԱՐԿԵԼ ԳՈՐԾԻՆ ու ԱՅԴ ԳՈՐԾԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ, իսկ դուք... ութերորդ տարվա սկզբում եկել և բողոքում եք: Մեզ պետք չէ ձեր բողոքը, պարոն վարչապետ, մանավանդ, որ այն մեզ՝ կառավարման բուրգից դուրս գտնվող անձանց, մեղադրելու, բայց նաև ձեզ արդարացնելու տարրեր ունի: Պարոն վարչապետ, պետք է ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼ, որը կյանքի կկոչի խնդիրների լուծմանը միտված ծրագրեր, պետք է ԼԱՎ ԿԱԴՐԵՐ ԸՆՏՐԵԼ և ԴՐԱՆՑ ՊԵՏՔԱԿԱՆ ՏԵՂԵՐՈՒՄ ԴՆԵԼ: Պետք է հարգել և ընդունել մասնագետներին, պետք է գործ անել ու չբողոքել, քանզի բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ շատ վատ է, սակայն դուք գործադիրի բուրգի գլխին եք կանգնած հենց գործ անելու, այլ ոչ թե ուղղակի վիճակի վատ լինելը ամրագրելու համար... ...Շատ բան է պետք անել և պետք է արվի: Չեմ ասում ոլորտային բարեփոխումների ծրագիր չկա, դա մի կողմ՝ նույնիսկ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՑԱՆԿ ՉԿԱ, որ մի հատ էլ դրանց հաղթահարման ծրագիր մշակվի: Չկան ոլորտային մոդելներ, որոնց պետք է ձգտենք: ԻՆՔՆԱՀՈՍ առաջ ենք գնում և, թերևս, դուք էլ եք արդեն զգում, որ մի բան այն չէ, սակայն կարծես չգիտեք, թե ինչ պետք է արվի: Ու դուրս եք տալիս ՁԵՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ կառավարության նիստերի այդ երկար, չհամակարգված և պաշտոնյաների հաճոյակատար ու հնազանդ շարքին ուղղված մենախոսությամբ, երբ ոչ ոք նույնիսկ ծպտուն իսկ չի հանում, որ ձեզ հակադարձի, բայց չէ՞ որ հենց հակադարձության մեջ է ռեֆորմատորի և համակարգաստեղծ անձի ուժը, քանզի դա ապահովագրում է նրան սխալից: Այդպես չի կարելի, վերևի ցանկումս բերված այն մարդիկ այդպես չէին վարվի... Եվ վերջում՝ եթե կադրերին նշանակելիս ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՍ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆԸ, դժվար է իրոք լավ կադր գտնել, բայց չէ՞ որ մենք համակարգ չունենք, այսինքն՝ կադրերն են որոշում ոլորտի որակը: Դուք գերադասում եք հավատարիմներին և հլու կատարողներին, ձեզ բաժին են հասնում վատ կադրեր, իսկ արդյունքում էլ առանձին ոլորտների վիճակը միայն վատանում է»: