«Փաստարկված ճշմարտություն, որը մերկացնում է մեր դեմ ուղղված կեղծիքը»․ Էդուարդ Շարմազանով
184
Այսօր, 11:06
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։ Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան /2010/, Բոլիվիայի Սենատ և Պատգամավորների պալատ /2014/, Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս.Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ /2015/, Չիլիի Պատգամավորների պալատ /2015/, Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե /2015/, Եվրոպական խորհրդարանի բանաձև՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ /2015/, Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ /2015/, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ /2015/, ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ /2015/, Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձև /2015/, Բրազիլիայի Սենատի բանաձև /2015/, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձև /2015/, Պարագվայի Սենատի բանաձև /2015/, Կիպրոսի խորհրդարանի բանաձև՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ /2015/, Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ, Գերմանիային Բունդեստագի բանաձև /2016/, Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի հաստատում /2016/, Չեխիայի Ներկայացուցիչների պալատ /2017/։ Ավելին. 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։ Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ և ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։ Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը. «Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։ Իսկ հռչակագրի 8-րդ կետը, որն ընթերցել է Սերժ Սարգսյանը. «Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։ Եզրակացություն․ Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարևորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց Ցեղասպանության դատապարտումը։ Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը։ Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։ Հ.Գ. Ահա այսպես փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը»։