«Արդյո՞ք Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքար». Հակոբ Բադալյան
158
Այսօր, 19:12
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին ինչ որ տնտեսական թեմայով ֆորումի մասին մի ռեպորտաժում լսում եմ Հայաստանի նախագահի խոսքը, թե 2018 թվականի տնտեսության բուռն աճի, թե ակտիվության պատճառը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Ու մտածում եմ, դահլիճում նստած են տասնյակ գործարարներ ինչպե՞ս են իրենց զգում, երբ «արժանանում» են ճակատային դեմոգոգիայի: Որովհետև, ներեցեք, բայց կամ դեմոգոգիա է ակամ տնտեսական անգրագիտություն, ասել, թե 2018-ի բուռն աճը կամ վերելքը կոռուպցիաի դեմ պայքարի շնորհիվ էր: 2018 թվականին իշխանությունը փոխվել է մայիսին: Ըստ էության, եթե խոսենք «կոռուպցիայի դեմ պայքարի» մասին, ապա լավագույն դեպքում՝ տարվա երկրորդ կեսից միայն: Կրկնեմ, եթե ընդհանրապես հնարավոր է ասել, որ կարող էր նոր ձևավորված «հեղափոխական» կառավարությունը առաջին մի քանի ամիսների ընթացքում ընդհանրապես զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարով, այն էլ պարագայում, երբ այդ ամիսներին եղել է ավելի շուտ հիբրիդային կառավարում: Դրանից բացի, տնտեսության համար այդ էֆեկտը կարող էր զգալի լինել ոչ թե անմիջապես, այլ մեկ-երկու տարի հետ՝ լավագույն դեպքում: Երրորդ, բոլորին է հայտնի, որ 2018 թվականի տնտեսական վիճակագրության բուռն աճը ուներ մի գլխավոր պատճառ՝ ավտոմեքենաների ներկրման բուռն, շեշտակի աճ, քանի որ երկու տարի անց լրանալու էր ԵՏՄ անդամակցելիս Հայաստանի համար սահմանված բարենպաստ մաքսային ռեժիմը եւ ԵՏՄ բոլոր երկրների համար Հայաստանը դարձել էր մեքենայի խիստ ցանկալի շուկա: Ի՞նչ կապ ունի այստեղ կոռուպցիայի դեմ պայքարը: Չորորդ, դեռևս 2017 թվականին Կարեն Կարապետյանի կառավարությունը ձեռնարկեց մի շարք քայլեր, որոնց տնտեսական էֆեկտը զգացվելու էր նաեւ 2018 թվականին: Հիմա, ի՞նչն է այստեղ խնդիրը: Այն, որ կոռուպցիան հարվածում է տնտեսությանը և պետության ընդհանրապես, ուղղակի ավելորդ է քննարկել անգամ: Բայց, կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության զարգացման մեխանիզմ չէ, առավել ևս ժամանակակից աշխարհում: Դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքար, թե՞ կոռուպցիոն սխեմաների այսպես ասած տրանսֆորմացիա և «անցկացում» պարզապես պետական բյուջեի խողովակով՝ ինչի մասին վկայում են մեդիայում հայտնվող բազմաթիվ փաստված և փաստարկված օրինակներ: Սա առանձին խոսակցության նյութ է, և կարևոր նյութ: Բայց, կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական զարգացման գրավական չէ: Այն կարևոր ու անհրաժեշտ բաղադրիչ է, բայց գրավական չէ: Առավել ևս, եթե խոսենք խոշոր տնտեսության զարգացման համար: Այո, «կոռուպցիազերծ» միջավայրը շատ կարևոր և էական անհրաժեշտություն է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Բայց, պետությունը չի կարող հենվել միայն ՓՄՁ վրա: Այդ պարագայում ճզմվողը լինելու է հենց նույն ՓՄՁ-ն առաջին հերթին: Պետությունը պետք է ունենա կենսունակ խոշոր բիզնես, առավել ևս արտադրող, արդյունաբերական խոշոր սեգմենտ: Իսկ այստեղ շատ կարեւոր է ներդրումների ներգրավումը: Եվ, հիմա կասեմ գուցե առաջին հայացքից տարակուսելի մի բան: Ռիսկային միջավայրերով, խոշոր ներդրումների համար տնտեսական գրավչության ոչ բարձր աստիճան ունեցող երկրներում խոշոր ներդրողները տվյալ պետության կառավարություններից ակնկալում են ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար, այլ՝ գործընկերային պայմանավորվածությունների գործուն եւ վստահելի համակարգ: Արտաքին խոշոր ներդրողի համար կոռուպցիան չէ խնդիրը, որովհետեւ իրենք այնքան ուժեղ են, որ իրենց ուժով ու հեղինակությամբ իրենք պաշտպանված են այդօրինակ արատի ռիսկից: Ամենաքիչը՝ պարզապես կթողնեն ու կհեռանան: Բայց, նրանց խնդիրը կոռուպցիան չէ, այլ այն, որ առանց այդ էլ աշխարհաքաղաքական, աշխարհագրական, քաղաքական բարդ միջավայրի պայմաններում, ի դեմս պետության ունենա վստահելի գործընկեր, որը բավականին ճկուն եւ օպերատիվ ձեւով արձագանքելով խնդիրներին, կարող է կառավարման այդ վստահելիությամբ և օպերատիվությամբ «փոխհատուցել» միջավայրի գրավչության մյուս պակասները: Կրկնեմ, ընդգծեմ, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի ավելորդության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստան խոշոր ներդրումներ ներգրավելու համար դա մեղմ ասած բավարար պայման չէ, և ավելին՝ դա նույնիսկ գլխավոր պայման չէ, չի եղել և չէ: Որովհետև, կոռուպցիան ծանր ռիսկ է Հայաստանի ներքին բիզնեսի համար՝ առավելապես միջին կամ փոքր բիզնեսի համար: Խոշոր ներդրողը բավարար ուժ ունի կոռուպցիոն ռիսկերից պաշտպանվելու համար, նրա «պահանջների» համակարգը այլ է, նրա հետ արդյունավետ աշխատելու պայմանները եւ կարիքները այլ են, չափումներն այլ: Անտեսել այս ամենն ու առաջնորդվել զուտ տեսական, դասագրքային պարզունակ ճշմարտություններն անվերջ կրկնելով, նշանակում է՝ կամ պարզապես չպատկերացնել ինչ բան է գործնական տնտեսությունն ու առավել եւս գեոտնտեսական իրողությունները, կամ չցանկանալ պատկերացնել եւ հետապնդել բոլորովին այլ խնդիրներ, քան Հայաստանի տնտեսության խոշոր արդյունաբերական ներուժը բարձրացնելը»: