«Մեղադրել այս մարդկանց Նիկոլ Փաշինյանին վստահելու մեջ՝ չգիտեմ ինչ անվանել»․ Վահե Սարգսյան
169
Երեկ, 15:06
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը վերջին գրառումներից մեկում առանց այլևայլության նշում է, որ «...2025 թվականի մայիսի 3-ի, ժամը 08։00-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել ՀՀ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անվերապահ և ամբողջական վստահությունը»։ Ոտքի վրա ընդդիմադիր պատգամավորների անուններ տամ (թող ներեն բոլոր նրանք, ում անունը զուտ տեխնիկապես չեմ բերել), և այս աբսուրդի պատկերը պարզ կլինի. - Արծվիկ Մինասյան - Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն ուղղված փողոցային պայքարում ծեծվել է ոստիկանների կողմից, պատգամավոր, որը ոչ միայն անվանել է Փաշինյանին դավաճան, այլ կոնկրետ դատական հայց է ներկայացրել դավաճանության հոդվածով Նիկոլ Փաշինյանի դեմ։ - Աշոտ Սիմոնյան - Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն ուղղված փողոցային պայքարում դաժանաբար ծեծվել է ոստիկանների կողմից, փողոցային պայքարի օրերից իր դեմ հարուցված են քրեական գործեր, հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հեռացման դեմ ամենաառանցքային պայքարող ուժերից մեկի՝ ՀՅ Դաշնակցության ԳՄ նախագահը։ - Աղվան Վարդանյան, Թադևոս Ավետիսյան, Քրիստինե Վարդանյան, Աննա Գրիգորյան, Արթուր Խաչատրյան, Ագնեսա Խամոյան, Աննա Մկրտչյան, Արմենուհի Կյուրեղյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Մելքոնյան, Արգիշտի Գևորգյան, Ասպրամ Կրպեյան, Արթուր Սարգսյան - Նիկոլ Փաշինյանի դեմ փողոցում, ԱԺ-ում և այլուր հայեցակարգային, գաղափարական, կազմակերպչական և այլ հողի վրա ամենակատաղի կռիվ տվող պատգամավորներն են։ - Տիգրան Աբրահամյան - Արցախը ուրացող Նիկոլ Փաշինյանի դեմ հայեցակարգային կռիվ տվող պատգամավոր, ում ատելությունը արցախուրացի հանդեպ երևի քչերը կարող են պատկերացնել հատկապես Արցախի Մեծ ողբերգության ու Տիգրանի հետ բազմաթիվ թելերով կապված ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում հայտնվելուց հետո։ - Իշխան Սաղաթելյան - 44-օրյայից հետո տեղի ունեցած շարժումների առանցքում գտնվող գործիչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ անմնացորդ կռիվ տվող ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի ղեկավար, ում հանդեպ հայրենավաճառ ՔՊ-ականներն ունեն տիեզերական ատելություն։ - Արմեն Ռուստամյան - Փաշինյանի դեմ հայեցակարգային կռիվ տվող պատգամավոր, հայրենավաճառ իշխանության դեմ համահայկական մասշտաբներով պայքար մղող ուժի՝ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ։ - Հայկ Մամիջանյան - հայեցակարգային հողի վրա Փաշինյանին ջախջախիչ հարվածներ հասնող, փողոցային պայքարում մշտապես ներկա պատգամավոր, ընդդիմադիր խմբակցության ղեկավար։ - Գեղամ Մանուկյան - փողոցային պայքարում ջարդուխուրդ եղած, Նիկոլ Փաշինյանի դեմ հայեցակարգային, փողոցային, գաղափարական պայքար մղող, Արցախի հանձնումով անձնական ողբերգություն ապրած (հրամանատար եղբայրը Բաքվի բանտում է) պատգամավոր։ - Գառնիկ Դանիելյան - Փաշինյանի դեմ Սրբազան պայքարում առանցքային դերակատար, Փաշինյանի դեմ հանրությանը մոբիլիզացնող, հանրային դժգոհությունները քաղաքական պայքարի վերածող առանցքային գործիչ։ - Լևոն Քոչարյան - փողոցային պայքարում բռնության ենթարկված ու դրա համար քրեական գործով անցնող պատգամավոր, ում պապերի ու հարազատների գերեզմաններն արցախուրացը հանձնել է թշնամուն, իսկ ծնողի դեմ մղում է կատաղի պատերազմ։ - Սեյրան Օհանյան - քրեաիրավական հողի վրա հալածվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որի կողմից նաև զրոյացվել է իր կենսագրության փառավոր էջը՝ Արցախի, Բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Ու մեղադրել այս մարդկանց ցնորամիտ ինչ-որ բաների մեջ, իբր Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու, այդ չարիքին իբր վստահելու մեջ՝ ես չգիտեմ ինչ անվանել: Հա, սա էլ այն դեպքում, երբ մի մեծ խմբակցություն 28 հոգով թե՛ միացել է, թե՛ պատրաստակամ է իմպիչմենտին առնչվող բոլոր զարգացումներին անվերապահ միաանալ ու աջակցել: ՊՈՒ-ն դեռ չի հայտարարել, բայց խելագար պետք է լինել՝ մտածելու կամ հավատալու, թե, օրինակ, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը անվերապահ վստահում են գլխավոր չարիքին միմիայն այն բանի համար, որ չեն հայտարարել կամ հայտարարելուց, ինչպես «Հայաստանի» դեպքում, կարող են մեկ - երկու հավելյալ մեկնաբանություն անել՝ ասելով, որ այս փուլում իրատեսական չէ խունտայից 18 պատգամավոր պոկելու և Նիկոլ Փաշինյանի դեմ քվերակել ստիպելու այդ վարդագույն երազանքը: Հ.գ. Լրագրողս երեկվանից ասում է՝ քանի որ «Հայաստանը» հայտարարություն տարածել է արդեն, զանգե՞մ պարոն Տիգրան Աբրահամյանին կամ Հայկ Մամիջանյանին, տեսակետ խնդրեմ: Ասացի՝ իսկ ի՞նչ հարց ես տալու՝ միանում եք, թե՝ ո՞չ: Լրագրողս ասաց՝ այո: Անկեղծ ասած՝ չթողեցի, ամաչեցի, որ տղերքին նման հարց կարող է իմ լրատվականից ուղղվել, ասենք՝ նույն բանն է, որ Տիգրանին կամ Հայկին հարցնես՝ ուզո՞ւմ եք, որ Բակո Սահակյանն ազատվի Բաքվի բանտից, կամ՝ ուզո՞ւմ եք, որ Արցախը վերաազատագրվի... Ցավալի, շատ ցավալի է էս ամենը, տղերք, կա՛նգ առեք»։