«Ընտրություններից հետո քաղաքային իշխանություններն այս բնակիչներին չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել»․ Գառնիկ Դանիելյան
135
Այսօր, 15:12
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Գործընկեր Արմինե Խերանյանի հետ այցելեցինք «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին, որոնք դիմել էին մեզ մի քանի հրատապ հարցով։ Անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպմանը բնակիչները ներկայացրին իրենց բնակավայրի խնդիրները՝ հայտնելով, որ օդանավակայանի տարածքը բացարձակապես անտարբերության է մատնված քաղաքային իշխանությունների կողմից։ Հրատապ է տրանսպորտի խնդիրը։ Կենտրոն հասնելու համար հարկ է լինում երկու տրանսպորտ փոխելու, իսկ երեկոյան ժամերին այն բացարձակապես չի գործում։ Ինչպես բնակիչները, այնպես էլ՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, գրություններով դիմել էի Երևանի քաղաքապետարանին՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը՝ այն հասցնելով մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը 5 կմ-ով երկարացմանը։ Ստացված բացասական պատասխանը, բնականաբար, մեզ չի գոհացնում։ Շարքից դուրս է եկել կոյուղին՝ շենքում ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Մեր աչքերով արձանագրեցինք խոնավությունից փտած պատերը։ Ամբողջ համակարգը ենթակա է փոփոխման, և աբսուրդն այն է, որ մի քանի միլիոնանոց ծախսը թողնվել է բնակիչների վրա։ Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Այս պարագայում նույնպես խնդրի լուծումը թողնվել է բնակիչների հոգածությանը։ Նշեմ, որ ապաստարանների և նկուղների հարցը բարձրաձայնել եմ բազմիցս։ Սահմանամերձ համայնքներում դրանք չափազանց քիչ են, իսկ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեցվեն որպես ապաստարան, կամ կողպված են, կամ վերածվել են աղբանոցի: Անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած պետությունը չպետք է անտեսի քաղաքացիների պաշտպանության համար անչափ կարևոր այս հարցը։ Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ, «Էրեբունի» օդանավակայանի և Շենգավիթ վարչական շրջանի հարակից թաղամասերից տրանսպորտից օգտվում է 1500-2000 մարդ։ Նախընտրական շրջանում այս տարածք այցելած և խոստումներ տված քաղաքային իշխանությունները, որոնց կարգախոսն էր՝ «ասեք, կանենք»-ը, ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել։ Մեր պատրաստակամությունը հայտնելով Արշակունյաց 135 շենքի բնակիչներին՝ խոստացանք օգտագործել բոլոր լծակներն ու հարթակները՝ բարձրաձայնելու իրենց հուզող կենցաղային, բայց անչափ կարևոր հարցերը։ Բարձրաձայնելուց զատ, արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծում գտնեն»։