Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Սյունիքում ոչ թե լարվածություն կա, այլ Ռուսաստանի կողմից հրահրվող, քողարկված ճնշում»․ Արման Բաբաջանյան

«Սյունիքում ոչ թե լարվածություն կա, այլ Ռուսաստանի կողմից հրահրվող, քողարկված ճնշում»․ Արման Բաբաջանյան
240
Երեկ, 18:12

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ այս պահին Սյունիքում ուշադրության արժանի լարվածություն չկա, բայց դրա մասին հայտարարում է Ռուսաստանի պաշտպանության նախարարը, դա սոսկ դիտարկում չէ։ Դա ուղիղ սպառնալիք է։ Սա մեկ բանի նշան է՝ Մոսկվան Սյունիքը դիտարկում է որպես ճնշման լծակ Հայաստանի վրա։
Ռուսաստանը փորձում է վերականգնել կորցրած վերահսկողությունը Հայաստանում։ Այդ վերահսկողության գործիքն այսօր Սյունիքն է։ Մոսկվան իր ձեռագիրն ունի՝ նախ ձևակերպել «լարվածության» օրակարգ, հետո՝ դրան արձագանքել «խաղաղարար» միջամտությամբ։ Արցախում արդեն տեսել ենք դա՝ ինչպես նախ հող նախապատրաստվեց ռուսական մանդատի համար, իսկ հետո՝ մեծ առևտուր թուրքերի հետ ու ադրբեջանցիների հետ լուռ հանցակցությամբ տեղի ունեցավ էթնիկ զտում։ Այդ նույն տրամաբանությամբ է հիմա Մոսկվան գործում՝ Սյունիքի ուղղությամբ։
Մոսկվան խաղաղություն չի ուզում։ Մոսկվան ուզում է վերահսկվող անկայունություն, որպեսզի շարունակի թելադրել իր խաղի կանոնները։ Իր համար խաղաղության պայմանագիրը միջոց է ոչ թե թշնամությունը դադարեցնելու, այլ տարածաշրջանում մնալու, շահերի գոտիները պահպանելու համար։ Այդպես էր 2020-ի եռակողմ հայտարարության պարագայում, այդպես է այսօր։
Ռուսաստանը խոսում է լարվածության մասին այնտեղ, որտեղ լարվածություն չկա։ Դա նշանակում է՝ Ռուսաստանը կամ պատրաստում է այդ լարվածությունը, կամ ցանկանում է այն մտցնել բանակցային օրակարգ։ Սա ուղղակի սպառնալիք է։ Հայաստանը չպետք է ընդունի այս կեղծ օրակարգը։ Սյունիքի անվտանգությունը Հայաստանի Զինված ուժերի և միջազգային օրինականության հարց է, ոչ թե ռուսական խաղերի առարկա։
Սյունիքում ոչ թե լարվածություն կա, այլ՝ Ռուսաստանի կողմից հրահրվող քողարկված ճնշում։ Սա պետք է բացահայտել, կանխել և ամենաբարձր մակարդակով հայտարարել՝ առանց երկիմաստության»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան