Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հունիսի 1․ խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ»․ «Գեղարդ» հիմնադրամ

«Հունիսի 1․ խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ»․ «Գեղարդ» հիմնադրամ
282
Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 19:00

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունն հունիսի 1-ին Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։ Փառատոնը կազմակերպվել է մի քաղաքում, որտեղից 2020-ին բռնությամբ տեղահանվել են հազարավոր արցախցի երեխաներ։ Եվ մինչ Շուշիում տոնում են, այդ նույն քաղաքից տեղահանված երեխաները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ խախտված իրավունքներով և կորսված մանկությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հիմնադրամի հոդվածում նշվում է. «Առաջին հայացքից թվում է՝ հրաշալի միջոցառում է, բայց՝ միայն առաջին հայացքից։ Միջոցառումը կազմակերպել է մի պետության կառավարություն, որն ընդամենը 5 տարի առաջ նույն Շուշի քաղաքի երեխաներին զրկեց իրենց հայրենիքում մանկությունն անցկացնելու ու ապրելու իրավունքից։

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը համակարգված կերպով իրականացրին ռազմական հանցագործություններ, որոնք ուղղված էին ոչ միայն պաշտպանական դիրքերի, այլև՝ անմիջապես խաղաղ բնակչության դեմ։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տեղի ունեցան մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, տուժեցին անմեղ երեխաներ։

Հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքի վրա իրականացված հրետակոծության հետևանքով, սպանվեց 9-ամյա մի աղջիկ, իսկ նրա 2 տարեկան եղբայրը ստացավ մարմնական ծանր վնասվածքներ։ Հոկտեմբերի սկզբին՝ Մարտակերտ քաղաքից տարհանվելու ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ծանր վիրավորվեց 13-ամյա մի տղա։ Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում, դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվեց 14 տարեկան տղա։ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 5 խաղաղ բնակիչ՝ երեքը՝ երեխաներ։

Սեպտեմբերի 20-ին, ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկատվության, արձանագրվեց առնվազն 200 մահ և 400-ից ավելի վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցեց 40-ը, որոնցից 13-ը՝ երեխաներ։

44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխաներ զրկվեցին կրթություն ստանալու իրենց իրավունքից։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրեց այց Հայաստանի Գեղարքունիքի մարզ՝ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների մասին փաստահավաք աշխատանքներ անցկացնելու առաքելությամբ։ Փաստահավաք խումբը տեղում արձանագրեց, որ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները Հայաստանի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտից սկսած: Սոթք գյուղի բնակելի հատվածի ուղղությամբ ԱԹՍ հարվածի արդյունքում վնասվել էր ոչ միայն բնակելի տներից մեկը, այլև՝ պայթյունի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցը: Ծնողների խոսքով՝ ապահովության համար երեխաների հետ ստիպված էին ժամանակավորապես թաքնվել նկուղներում։

Միջազգային հանրության թողտվության պայմաններում ադրբեջանական զինված ուժերը, դիտավորյալ շարունակելով պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ, թիրախավորեցին անգամ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը:

Չնայած միջազգային կարևոր դերակատարների հայտարարություններին՝ իրավիճակը մնաց անփոփոխ։ Շրջափակման պատճառով 270 երեխաներ չկարողացան վերադառնալ իրենց բնակության վայրեր։ Խախտվեցին նրանց անվտանգության, կրթության և ընտանիքում ապրելու իրավունքները։ Դեղորայքի, բժշկական պարագաների, հիգիենայի միջոցների խիստ պակասը բացասական լուրջ ազդեցություն ունեցավ երեխաների առողջության և առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքի վրա։ Մանկական կաթնախառնուրդի բացակայությունը հարյուրավոր նորածինների մոտ առաջացրեց սննդային լուրջ խնդիրներ՝ վտանգելով նրանց ֆիզիկական ու հոգեկան զարգացումը։ Արցախի իշխանությունների պնդմամբ՝ երկրում յուրաքանչյուր երեք մահից մեկը պայմանավորված էր թերսնմամբ։

Ադրբեջանի կողմից վարվող Արցախի բնակչությանն ահաբեկելու և նրանց մշտական անորոշության ու լարվածության վիճակում պահելու դիտավորյալ քաղաքականությունն ակնհայտորեն բացասական ազդեցություն ունեցավ արցախցի երեխաների ոչ միայն հոգեկան առողջության, այլև՝ վարքի վրա։

Ադրբեջանը, շարունակելով իր ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունն Արցախի խաղաղ բնակչության դեմ, ոչ միայն խախտեց միջազգային իրավունքներն ու հումանիտար սկզբունքները, այլև խլեց մի ամբողջ սերնդի մանկություն: Մինչ Շուշիում անցկացվում է մանկական փառատոն, նույն այդ քաղաքից և Արցախի ողջ տարածքից բռնությամբ տեղահանված հազարավոր արցախցի երեխաներ զրկված են իրենց հայրենիքում մեծանալու, կրթություն ստանալու իրավունքից, անվտանգ մանկություն ունենալու հնարավորությունից»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ