Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեզանում առողջապահությունը վեր է ածվել մեծ շուկայի». Ծաղիկ Վարդանյան

«Մեզանում առողջապահությունը վեր է ածվել մեծ շուկայի». Ծաղիկ Վարդանյան
269
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 09:11

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» մասնավորեցման փոխարեն «Հայկական առողջ թոք» ազգային ծրագիր
Ընթացիկ տարվա մայիսի 22-ի Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չզեկուցվող ընթացակարգով ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման կառավարության որոշման նախագիծը, որն էլ հայրենի կառավարությունը ընդունեց՝ առանց քննարկման, առանց բուն խնդրի էության մեջ խորանալու:
Ի՞նչ է անձավաբուժությունը.
Անձավաբուժություն՝ սպելեոթերապիան, դա ոչ դեղորայքային բուժման մեթոդ է, կլիմատոթերապիայի տեսակ: Մեթոդի էությունը բուժումն է քարանձավների, աղի հանքերի յուրահատուկ միկրոկլիմայի պայմաններում, որտեղ բուժառուն մնում է երկարատև: Աղով հագեցած օդի շնչելը ունենում է բուժական և վերականգնողական բարձր արդյունավետություն խրոնիկ թոքային հիվանդների համար: Անձավաբուժությունը կիրառվում է շնչական ուղիների օբստրուկտիվ հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի, այլ շնչառական հիվանդությունների բուժման վերականգնողական փուլում և համարվում է ոչ դեղորայքային բուժման արդյունավետ մեթոդ:
Ներկայում աղի քարանձավների այս բուժիչ հատկությունները կիրառվում են տարբեր երկրներում, աղի հանքերի մոտ գտնվող հանգստավայրերում (Լեհաստանում, Ավստրիայում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում): Հայաստանում էլ այն գտնվում է հայտնի «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքում: Բուժառուներին անձավաբուժական ծառայությունը մատուցվում է 235 մ խորության վրա՝ բնական քարաղի փորվածքներում, որտեղ առկա են հիվանդասենյակներ, ճեմասրահներ, հիվնանդների առանձնասենյակներ, սանհանգույց և այլ օժանդակ սենյակներ, մի խոսքով մի ամբողջ հիվանդանոց:
Զուգահեռաբար հիշեցնեմ, որ ՀՀ-ում շնչառական համակարգի հիվանդությունների հիվանդացությունն բավականին բարձր է՝ սեզոնային գրիպ, թռչնագրիպ, H1N1, զանազան վիրուսային այլ վարակներ, իսկ բնակչության մահացության կշիռի (%) մեջ շնչառական համակարգի հիվանդությունները կազմում են 8.6% (չարորակ նորագոյացությունները ներառված չեն) և հակում չունեն նվազելու: Մի խնդիր էլ արձանագրենք՝ ՀՀ-ում հիվանդանոցային թերապևտիկ ծառայությունները քիչ են, լավ «թոքաբան» պետք է մեծ խոշորացույցով «փնտրել»:
Հիմա անենակարևորը.
Արդո՞ք Հայաստանում շնչական համակարգի հիվանդությունները այնքան կառավարելի են, որ կարելի է հանգիստ հաժարվել Հանրապետական անձավաբուժական կենտրոնից՝ հիմնավորելով, թե պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում է նախատեսվում (39 մլն դրամ): Լո՞ւրջ:
Շնչական համակարգի վերջին տարիների հիմնական «ոսոխը» COVID-19-ն է, որը անկասկած ձևավորել է հանրային առողջապահական լուրջ խնդիրներ: Կարծում եմ, դեռ հանրությունը չի մոռացել 2020-2021թվականների COVID-19-ի համավարակը: Հիշենք, որ ՀՀ-ում արձանագրվել է շուրջ 8800 կովիդից մահվան դեպքեր, ավելի քան 500,0 հազար վարակվածներ: Կավիդ համավարկը բավականին սթրեսային էր: Այն առաջացրել է աշխարհի երկրների համար հանրային առողջապահական բազմաթիվ խնդիրներ: Ոստի համավարակից հետո վերանայվել և վերաարժևորել են համարյա ամեն ինչ՝ առողջապահության կառուցվածքը, կառավարման մոտեցումները, կլինիկական մոդելները, հակահմաճարակային պլանները, բուժական ընթացակարգերը և այլն: Արձանագրենք, որ վերջին տարների կտրվածքով առողջապահական համակարգը բաժանվում է մինչև կովիդ և կովիդից հետո:
ԱՀԿ-ի տվյալներով 2021-2022թթ-ին պանդեմիայից մահացել է շուրջ 13 մլն մարդ:
Սակայն Հայաստանում տպավորություն է, որ COVID-19-ը գնացել է «անհետ» և «կարիք» չկա որևէ վերլուծության, եզրակացությունների, ռազմավարական նոր մոտեցումների: Համավարակ էր, «եկավ և գնաց»:
Հիմա ավելի հանգամանորեն՝ ըստ հետազոտությունների COVID-19-ի հետ կապված վիրուսային թոքաբորբ ախտորաշված հիվանդների մոտավորապես 10-15%-ի մոտ ախտորոշվում է ֆիբրոզ՝ հետագա շնչական անբավարարության ախշտանիշներով: Արդյո՞ք Հայաստանում հետազոտել են և գիտեն, թե քանի կովիդ վարակված անձ ունի նման խնդիր, արդյո՞ք COVID-19-ի հետևանքները հանրային մակարդակի խնդիր չեն մեզանում: Սրանք հարցեր են, որ մնում են անպատասխան:
Հայաստանում COVID-19-ի հետևանքների կառավարման հետ կապված իրավիճակը բացիթողի է, չկան հստակ մոտեցումներ, ուսումնասիրություններ բնակիչների առողջական վիճակի, կովիդի հեռավոր բարդությունների վերաբերյալ: Մոտեցումները խիստ անհատականացված են՝ ով ինչպես կարողնում է, այնպես էլ փորձում է հոգ տանել իր առողջության մասին:
Համաճարակաբանական մասով էլ համապարփակ վերլուծություն չկա համավարակի ընթացքում կատարածի վերաբերյալ, սակայն 2025 թվականին առողջապահության կառավարիչները ներկայացրել են ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլան», որը ընդգրկում է համաճարակի և համավարակի ներուժով նոր գրիպի և այլ շնչառական ախտածինով պայմանավորված հիվանդությունների պատրաստվածության և արձագանքման պլանը՝ ներառյալ COVID-19-ը:
ՀՀ առողջապահության նախարարություն. Կարդացի ուշացած պլանը և ... deyjavu...Նույն համաճարակաբանական պլանն է, ինչպես որ ունեցել եք այլ ուղղություններով: Լավ մի նոր մոտեցում չկա՞, անգամ նախագծի 69 տպագիր էջը տպավորություն չի թողնում՝ համընդհանուր մտքեր, սահմանումներ, անընդհատ կրկնումներ...
Հուշում.
Բազմաթիվ երկրներում COVID-19-ից հետո աննախադեպ սկսել է զարգանալ հեռաբժշկությունը, բուժառուի հեռավար շարունակական հսկողությունը, լաբորատոր հետազոտությունների հեռավար իրականացումը, արհեստական ինտելեկտի կիրառումը ևայլն: ՀՀ-ում՝ ձայն բարբառո հանապատի:
ՀՀ կառավարություն, ոչ միայն COVID-19-ի հետևանքներին առողջապահության մասով ազդեղության գնահատական չի տրվել, այլ ավելին, չիմանալով Հայաստանի քաղաքացիների հետկովիդյան թոքային բարդությունների տարածվածության մակարդակի մասին, «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ն եք մասնավորացնում: Իսկ կարելի էր պետական մակարդակով որպես վերականգնողական բուժում այն կիրառել բազմաթիվ մարդկանց թոքերի ֆիբրոզի, օբստրուկցիոն հիվանդությունների բուժման ժամանակ:
Նիկոլ Փաշինյան, Անձավաբուժական կենտրոնը մասնավորացնելու փոխարեն առաջարկում եմ մեկնարկել ծրագիր՝ «Հայկական առողջ թոք», որը կունենա 2 բաղադրիչ՝
1. Ուսումնասիրել և պարզել հետկովիդյան ախտանիշի տարածվածությունը ՀՀ-ում,
2. Կազմակերպել բազմակոմպոնենտ բուժում՝ անձավաբուժության ներգրավումով:
Հ.Գ. Մեզանում առողջապահությունը վեր է ածվել մի մեծ շուկայի, որտեղ թելադրողը ավելի նորագույն, թանկ տեխնոլոգիաներով վիրաբուժական միջամտության մեթոդներ ներդրող սեփականատերերն են, իսկ պետական համակարգը սպասարկում է նրանց շահերը՝ առանց հանրայի առողջապահական նպատակային մոտեցումների»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան