Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»

Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
127
Այսօր, 09:00

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը և դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Խոսքը «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագրի մասին է, որով, պաշտոնական պատասխանի համաձայն, Հայաստանին տրամադրվում է «102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։ Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական և սոցիալական հարց է առաջացնում. եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության՝ նաև ավելի հասանելի կամ «անվճար» բուժում, ապա ինչո՞ւ է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։ Առավել ևս, երբ երկիրը մտնում է քաղաքական առումով զգայուն շրջան և մոտենում է նախընտրական փուլին, հարցն ավելի քան բնական է դառնում՝ արդյոք քաղաքացիներին ներկայացվող սոցիալական այս խոշոր խոստումը կառուցվում է երկարաժամկետ ֆինանսական կայունության վրա, թե՞ վարկային միջոցներով ձևավորվող մի մեխանիզմի, որը կարող է ծառայել նաև նախընտրական սպասումներ գեներացնելու նպատակին։ Սա հարց է, որի պատասխանը պետությունը պարտավոր է տալ ոչ թե քարոզչական, այլ ֆինանսական մանրամասն հաշվարկներով։ Ի պատասխան հարցման՝ պաշտոնական գրությամբ հաղորդվել է, որ «Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։ Նույն պատասխանի համաձայն՝ «Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները»։

Թղթի վրա այս ձևակերպումները հնչում են գրավիչ, բայց խնդիրը հենց այստեղ է. պետությունը ներկայացնում է մեծ նպատակներ, սակայն չի բացում ամենակարևոր թվերը։ Մասնավորապես, հարցմանը տրված պատասխանում բացակայում է հստակ տեղեկությունը, թե 102 մլն եվրոյից որքանն է ուղղվելու հենց Առողջության համապարփակ ապահովագրության գործարկմանը, որքանն է ծախսվելու առաջնային բուժօգնության բարելավման վրա, որքանն է հատկացվելու տեղեկատվական համակարգերին, խորհրդատվական ծառայություններին, վերապատրաստումներին կամ ծրագրի կառավարմանն ու սպասարկմանը։

Փոխարենը ներկայացվել է միայն ծրագրի կառուցվածքը՝ նշելով, որ այն բաղկացած է հետևյալ մասերից. «Արդյունքների ոլորտ 1. Բժշկական օգնության որակի բարելավում», «Արդյունքների ոլորտ 2. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում», «Արդյունքների ոլորտ 3. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում»։ Այսինքն՝ նշված են ընդհանուր ուղղությունները, բայց ոչ դրանց գինը։ Իսկ առանց դրա հնարավոր չէ հասկանալ՝ խոսքը իրականում ապահովագրական համակարգի ֆինանսավորման մասին է, թե առողջապահության տարբեր ուղղություններով բաշխվող լայն ծրագրի, որի շրջանակում ապահովագրության թեման ընդամենը քաղաքականորեն շահավետ վերնագիր է։

Մանրամասները՝ թերթի համարում։